Ռազմինֆոն առանձնացրել է 2013 թվականին Թուրքիայում ռազմական ոլորտի 6 կարևորագույն իրադարձությունները։ Մեծ հեռահարության ՀՕՊ համակարգը, պարտադիր զորակոչի ժամկետի կրճատումը, ռազմարդյունաբերության զարգացումները, PKK-ի հրադադարը, հեղաշրջումների գործով դատավարությունները՝ կարևոր իրադարձությունների շարքում։
Չինական հակաօդային պաշտպանության համակարգի ընտրությունը
2013 թվականի սեպտեմբերի 26-ին Թուրքիայի քաղաքական և ռազմական վերնախավի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում էր երկրի համար մեծագույն կարևորության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում է գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնցից Թուրքիան ներկայում չունի։
Իսկ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսական Ս-300, ֆրանս-իտալական Samp T ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) համակարգը:
Թեև առաջին հայացքից հաղթողի հավակնորդն ամերիկյան համալիրներն էին, որոնցից ՆԱՏՕ-ն 2013-ի հունվարից Թուրքիայի խնդրանքով ժամանակավոր տեղակայել էր այդ երկրի տարածքում, սակայն թուրքերն այս հարցում այլ ծրագրեր ունեին, և ընտրությունը կանգ առավ Չինաստանի առաջարկած տարբերակի վրա։ Իսկ թուրքերն իրենց այս ընտրությունը հիմնավորեցին`
-չինացիներն առաջարկում են ամենամատչելի տարբերակը,
” չինացիները կողմ են համատեղ արտադրություն հիմնել Թուրքիայի տարածքում,
” չինացիները բավարարում են թուրքերի ժամկետային պահանջները։
Թուրքիայի այս ընտրությունը չէր կարող անտարբեր թողնել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, որոնք քննադատությունների տարափ սկսեցին Անկարայի դեմ։
Ամերիկյան և հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները կոչ էին անում, զգուշացնում և կրկին հիշեցնում, որ չինական ՀՕՊ համակարգերի ինտեգրումը ՆԱՏՕ-ի միացյալ համակարգերին բացառված է, քանի որ Դաշինքը պատրաստ չէ չինացիներին փոխանցել իր ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են զենիթահրթիռային համակարգերը շահագործելու համար։ Իսկ եթե չինական կայանները չեն միանում այդ համակարգին, ապա Թուրքիայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանվածության մակարդակը լրջորեն տուժում է։
Այս ամենին հետևեցին խոսակցությունները, թե Թուրքիան ձգձգում է չինական կողմի հետ վերջնական պայմանագրի ստորագրումը, որպեսզի նոր, իր համար ավելի հարմար առաջարկներ ստանա մրցույթի մյուս մասնակիցներից։
Սակայն տարեվերջի դրությամբ հստակ է մի բան. ռազմարդյունաբերական հանձնաժողովի որոշումը՝ ընտրել չինական տարբերակը, դեռ ուժի մեջ է, միևնույն ժամանակ Թուրքիան էլ մինչ օրս պայմանագիր չի ստորագրել չինական կողմի հետ։
Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում
Թուրքիայի պաշտոնաթերթը 2013 թվականի հոկտեմբերի 25-ին հայտարարեց պարտադիր զինվորական ծառայության «երկար» ժամկետների կրճատման մասին։ 2014 թվականի հունվարի 1-ից «երկար» ժամկետով ծառայության մեկնողները ծառայելու են 12 ամիս նախկին 15 ամսվա փոխարեն։ Պարտադիր ծառայության մյուս տեսակը՝ «կարճ» ժամկետը, որը նախատեսված է բուհերում սովորող կամ դրանք ավարտած զորակոչիկների համար, մնալու է նույնը, այն է՝ 6 ամիս։
Այսպիսով, վերջին մի քանի տարիներին քննարկվող այս փոփոխությունը վերջապես իրականություն դարձավ Թուրքիայի կառավարության և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի համաձայնության շնորհիվ։
Սպասվում է, որ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում Թուրքիայի զինված ուժերի շարքերից 2014 թվականին ժամանակից շուտ կզորացրվի 70 հազար զինծառայող։
Ռազմական հեղաշրջումների գործերը, 35-րդ կետի փոփոխությունը
Այս տարի թուրքական դատական համակարգն ակտիվորեն զբաղվում էր նաև հեղաշրջումների և հեղաշրջումների փորձերի գործերով, որոնք հնարավոր էր դարձել քննել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների շնորհիվ։
Թուրքիայի խորհրդարանում այս տարի հասցրին փոփոխել նաև զինվորական կանոնադրության 35-րդ կետը, որը մեծ հաշվով հնարավորություն էր տալիս թուրքական զինվորականների հեղաշրջում իրականացնել օրինական ճանապարհով։ Այսուհետ, ներքին քաղաքական կյանքին խառնվելը թուրք գեներալների համար ապօրինի կհամարվի։
Այժմ անդրադառնանք հեղաշրջման փորձի գործով դատավարությանը։ Թուրքական վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով վճիռները 237 մեղադրյալի նկատմամբ։ Վճռաբեկը հաստատեց 36 մեղադրյալի անմեղ ճանաչելու, ևս 88 մեղադրյալի ոչ բավարար ապացույցների համար ազատ արձակվելու որոշումները։ Իսկ ահա «Մեծ մուրճի» գործով անցնող հիմնական մեղադրյալների՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի առաջին բանակի նախկին հրամատար Չեթին Դողանի, ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆըրթընայի և ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեքի պատժաչափերը մնացել են նույնը, այն է՝ 20 տարի ազատազրկում։ Եվս մի շարք պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների վճիռը՝ 15-ից 18 տարվա ազատազրկում, մնաց ուժի մեջ։
Իսկ ահա 1997 թվականի փետրվարի 28-ի հեղաշրջման (կոչվում է նաև Թավշյա կամ Հետմոդեռնիստական) գործով դատավարությունը մեկնարկեց 2013 թվականի սեպտեմբերին։ Գործով անցնում է 102 հոգի, ովքեր մեղադրվում են կառավարությունը հարկադրաբար հեռացնելու համար։
2013-ին շարունակվեց նաև 1980 թվականի արյունալի հեղաշրջման գործով դատավարությունը, որով վճիռը կարող է հրապարակվել արդեն հաջորդ տարվա սկզբին
Թուրք”սիրիական սահմանային միջադեպերը
Թուրքիան սիրիական հակամարտության սկզբից շտապեց աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։ Այս կուրսն Անկարան պահում է մինչ օրս։ Թուրքական կառավարության հակաասադական մոլուցքն արտահայտվում է նաև անմիջապես թուրք-սիրիական սահմանին, որտեղ 2013-ին մի շարք լուրջ միջադեպեր գրանցվեցին՝ չասած արդեն սովորական դարձած ամենօրյա միջադեպերը։
Թուրքիան 2013-ին շարունակում էր զենք մատակարարել Սիրիայում պատերազմող խմբավորումներին։ Անգամ տեղեկություններ եղան քիմիական զենքի համար նախատեսված նյութերի՝ Թուրքիայից Սիրիա տեղափոխությունը կանխելու մասին։
Անցնող տարում Թուրքիայի խորհրդարանը հասցրեց ևս մեկ տարով երկարաձգել թուրքական զինուժի՝ Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվությունը։
Իհարկե, անցնող տարում առանձնանում է Թուրքիայի կողմից Սիրիայի զինված ուժերի Մի-17 ուղղաթիռին հարվածելու դեպքը։ Սեպտեմբերի 16-ին թուրքական օդուժի F-16 կործանիչը կրակ բացեց պատահաբար Թուրքիայի օդային տարածք անցած և այն արդեն լքող սիրիական բեռնատար ուղղաթիռի վրա, որը վայր ընկավ սիրիական տարածքում։ Թուրքիայի այս ագրեսիվ պահվածքը շարունակվեց նաև հետագա ամիսներին, և երբ հերթական սիրիական ինքնաթիռը կամ ուղղաթիռը սահմանին մոտ թռիչքներ էր կատարում, թուրքական կործանիչներն անմիջապես օդ էին բարձրացվում։
Բացի ուղղաթիռի միջադեպից, Թուրքիայի և Սիրիայի միջև եղան նաև փոխադարձ հրետակոծման դեպքեր, որոնցից մեկը բավական ուշագրավ էր, քանի որ թուրքական տարածքն ականանետից հրետակոծվել էր Սիրիայի այն հատվածից, որն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության վերահսկողության տակ էր, իսկ կազմակերպությունը հասցրել է Թուրքիայի հետ լարված հարաբերություններ ստեղծել։ Թուրքական զինուժը պատասխանել էր T-155 Ֆըրթընա հաուբիցներից հրետակոծմամբ։
Բազմաթիվ էին նաև փոխհրաձգությունների, ականների պայթյունների, հազարավոր սահմանախախտների, ինչպես նաև թուրք սահմանապահների կողմից վերջիններիս սպանությունների դեպքերը։
Տարվա երկրորդ կեսին հատկապես լարված էր թուրքական Ջեյլանփընար շրջանի և սիրիական Ռասուլայնի բնակավայրի միջև սահմանային գիծը։ Սիրիական կողմում քրդական ուժերի և իսլամիստների միջև մարտեր էին, իսկ փամփուշտները հատում էին նաև թուրքական սահմանը, անգամ Թուրքիայի քաղաքացիների շրջանում մահվան պատճառ դառնում։ Թուրքական կողմի պատասխան կամ նախահարձակ կրակից զոհվում էին նաև սիրիացիներ։
Թուրքական ռազմարդյունաբերությունը (հավաքական)
Այս կետը կազմել ենք մի քանի ենթակետերից, քանի որ անցնող տարում Թուրքիայի ռազմարդյունաբերական ճամբարում բավական ուշագրավ զարգացումներ են եղել, որոնք աչքաթող անել չէինք կարող։
Սեպտեմբերին կայացած Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվեց գնել 15 միավոր թուրքական TAI ընկերության Հյուրքուշ ուսումնական ինքնաթիռներ, որոնք հենց այս տարի էլ կատարել են իրենց առաջին թռիչքը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր կնքեց նույն TAI ընկերության հետ՝ 10 միավոր Անքա անօդաչու թռչող սարք գնելու վերաբերյալ։ Առաջին թուրքական ԱԹՍ-ի մատակարարումը զինուժին նախատեսվում է սկսել 2016 թվականին։
Թուրքական ռազմարդյունաբերության քարտուղարության «Փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում ստեղծված զենիթահրթռիային համալիրն իր անդրանիկ կրակային փորձարկումն անցավ։ Թուրքական առաջին փոքր հեռահարության համալիրի փորձարկումը կայացավ հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքի զորավարժարանում։
Սեպտեմբերից պաշտոնապես մեկնարկեց թուրքական առաջին ռազմական ուղևորատար ուղղաթիռի ստեղծման աշխատանքները։ Ծրագրով զբաղվում է թուրքական TAI ընկերությունը՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության հսկողությամբ։ Նախագծի հեղինակները ցանկանում են մինչ 2020 թվականը Թուրքիայի զինված ուժերին հանձնել թուրքական արտադրության առաջին ուղևորատար ուղղաթիռը։
Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի սեպտեմբերյան նիստի ժամանակ չեղյալ հայտարարվեց «Ազգային նավ» նախագծի երրորդ և չորրորդ նավերի արտադրության մրցույթի արդյունքները։ MILGEM (Milli Gemi, «Ազգային նավ») ծրագրով նախատեսվում է Թուրքիայում ստեղծել 5 միավոր կորվետ։ Ներկայում արդեն պատրաստ է դրանցից 2-ը։ Երրորդ և չորրորդ նավերի կառուցման մրցույթի ժամանակ Թուրքիայի կառավարությունը լուրջ խախտումներ էր գտել, ինչի պատճառով էլ այն չեղյալ էին համարել, և որոշվել է նոր մրցույթ անցկացնել։
Թուրքիայում արտադրվող առաջին հարվածային ուղղաթիռը՝ T129 Atak-ը, որը ստեղծվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա, այս տարի ևս չընդգրկվեց սպառազինությունում, քանի որ թռիչքների ժամանակ ուղղաթիռում հայտնաբերվել էին խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն։
Թուրքական «Օթոքար» (Otokar) ընկերությունը Կոբրա (Cobra) թեթև զրահամեքենաների խոշոր պատվեր է ստացել։ Կոբրա զրահամեքենաների նոր խմբաքանակի համար Թուրքիայի ԶՈւ-ը վճարելու է շուրջ 112 մլն ամերիկյան դոլար, սակայն տրամադրվելիք զրահամեքենաների քանակի վերաբերյալ տեղեկություններ չկան։
PKK-ի հրադադարն ու դուրսբերումը
Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին թուրք-քրդական երկար բանակցությունների ընթացքում Դիարբեքիրում ընթերցվեց «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ, թուրքական բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։
Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։ Թուրքիան պարտավորվում էր ընդլայնել քրդերի իրավունքները, իսկ PKK-ն էլ հրադադար էր հայտարարում և լքում Թուրքիան։
Սակայն սեպտեմբերին քրդական կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։ Պատճառը թուրքական կառավարության ոչ բավարար քայլերից քրդական կողմի դժգոհությունն էր։
Ամեն դեպքում, թեև հրադադարի ռեժիմի հաստատումից հետո մահվան ելքով դեպքեր չեղան, սակայն որոշ միջադեպեր, այնուամենայնիվ, արձանագրվեցին։ Դրանցից էին PKK-ականների կողմից Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մի քանի ժամով առևանգումը, թուրքական հենակետերից մեկի շինարարական աշխատանքների խոչընդոտումը, այլ միջադեպեր, որոնք, ամեն դեպքում, հրադադարի ռեժիմը չեղյալ հայտարարելու պատճառ չդարձան։
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ