Սպանված զինվորին խոշտանգե՞լ են: ԱՄՆ-ն պատկերացում չունի Սիրիայի ընդդիմության մասին. օրվա ամփոփում

Զինծառայող Տիգրան Վարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կարող են բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հիմք դառնալ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից գնված իսրայելական զենքն ուղղվելու է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 2 զինվորական է սպանվել: ԱՄՆ-ն հայտարարում է, որ չի ճանաչում սիրիական ընդդիմությանը և չի կարող մտածել այն զինելու մասին:

  • Զինծառայող Տիգրան Վարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
  • Այսօր Տիգրան Վարյանի դիահերձմանը ներկա է եղել Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Վերջինս հայտնել է, որ դիակի վրա առկա են բռնության, խոշտանգման հետքեր՝ քթարմատի, բերանի շրջանում սալջարդեր և քերծվածքներ, ծնոտի դիմային գծի ներքևի հատվածում, հրազենային վերքից մի քանի սանտիմետր ներքև՝ երկարավուն կապտուկ։
  • «Երբ մենք դժգոհ ենք բանակում մահվան ելքով պատահարներից, մենք մոռանում ենք, որ ոչ թե բանակն է ստիպում զինվորին դուրս գալ զինվորի դեմ, այլ` նրա ծնողների դաստիարակությունը»,- տեսակետ է հայտնել սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
  • ՀՀ ԱԺ-ն ընդունել է  ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»:  Ընդդիմության ներկայացուցիչներն այն կարծիքին են, որ այս օրենքով նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. Եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մանդատ տրամադրի Սիրիայում ռազմական միջամտության համար, օպերացիան հազիվ թե հաջողությամբ պսակվի: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
  2. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ Միացյալ Նահանգները մինչ այսօր չունի հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնում Սիրիայի ընդդիմությունը: Սակայն, նրանք համոզված են, որ լիբիական սցենարի կրկնությունը Սիրիայում չի կարող լինել, քանի որ Սիրիան ունի կանոնավոր և լավ զինված բանակ:
  3. ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի շտաբի պետ Նորթոն Շվարցը հայտարարել է, որ իր աշխատակիցները Իրանի դեմ ռազմական գործողության ծրագիր են մշակել: Բացի այդ ԱՄՆ-ն մտադիր է տրամադրել իր վառելիք լիցքավորող ինքնաթիռները իսրայելական կործանիչների համար, որոնք ուղղված կլինեն Իրանի միջուկային ենթակառուցվածքները ոչնչացնելուն, եթե նման անհրաժեշտություն առաջանա:
  4. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսօր Աֆղանստանի հարավայում տեղացի զինվորականները կրակ են բացել խաղաղարար ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի 2 զինվոր է զոհվել:
  5. Պակիստանի ռազմաօդային ուժերը ստացել են F-16 տիպի 3 կործանիչներից բաղկացած խմբաքանակը, որոնք վերանորոգվել և արդիականացվել են թուրքական` Turkish Aerospace Industries-ի (TAI) գործարանում: Թուրքիայում Պակիստանի ռազմաօդային ուժերի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչների արդիականացման գործընթացը պետք է ավարտվի 2014 թվականի սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ պետք է արդիականացվի 42 կործանիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *