Բրազիլիան չի գնի ֆրանսիական Rafale կործանիչները

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Բրազիլիա կատարած այցի ընթացքում բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ իր երկիրը չի գնի ֆրանսիական Rafale (Ռաֆալ) կործանիչները, որոնց գնումը դիտարկվում էր որպես հնարավոր տարբերակ F-X2 մրցույթի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Aereo.jor.br կայքը։

 

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Ամենայն հավանականությամբ, Ռաֆալ կործանիչների օգտին որոշում չկայացնելու հիմնական պատճառներից մեկը վերջինիս գինն է, որը գրեթե երկու անգամ գերազանցում է իր ամերիկյան և շվեդական անալոգների՝ համապատասխանաբար F/A-18 «Super Hornet»-ի և «Gripen-NG»-ի գները։

Նշենք, որ Ֆրանսիան հավակնում էր Ռաֆալ կործանիչները Բրազիլիային վաճառել դեռևս 2009 թվականից։ Մասնավորապես, 2009 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին Բրազիլիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտնել  էր իր վստահությունն առ այն, որ F-X2 մրցույթի շրջանակներում Բրազիլիան իր նախապատվությունը կտա ֆրանսիական Ռաֆալ կործանիչներին։

Հավելենք, որ Ռաֆալ կործանիչները համալրում են Ֆրանսիայի ՌՕՈւ կազմը։ Կործանիչի թռիչքային առավելագույն զանգվածը կազմում է 24.500 կգ, թևերի բացվածքը՝ 11 մետր, թռիչքի առաստաղի բարձրությունը՝ 15240 մետր, իսկ առավելագույն արագությունը՝ 1900 կմ/ժ։ Ռաֆալի սպառազինության կազմում առկա են «օդ-մակերևույթ» և «օդ-օդ» դասի հրթիռներ, ինչպես նաև exter DEFA 791B հրանոթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *