Չինական լուսնագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա

Չինական «Յուտու» (թարգմանաբար` լուսնային նապաստակ) լուսնագնացը դեկտեմբերի 14-ին բարեհաջող վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։ Այդ մասին հաղորդել են Չինաստանի պետական հեռուստաընկերությամբ՝ ցուցադրելով նաև կադրեր, որոնք արվել են Յուտուի միջոցով։

Չինական «Յուտու» լուսնագնաց

Չինական «Յուտու» լուսնագնաց

Չինական լուսնագնացը տիեզերք է ուղարկվել «Չանյե-3» տիեզերանավի միջոցով։ Նախատեսված է, որ Յուտույի կիրառմամբ անցկացվող հետազոտական աշխատանքները կշարունակվեն երեք ամիս։ Լուսնագնացը համալրված է արևային մարտկոցներով, նավիգացիոն համակարգով, պանորամային տեսախցիկներով, ինֆրակարմիր և մի շարք այլ սարքավորումներով։

Նշենք, որ «Չանյե-3» տիեզերանավն արձակվել է սույն թվականի դեկտեմբերի 1-ին։ Այս տիեզերանավի աշխատանքը կլինի չինական լուսնային ծրագրի երկրորդ փուլը։ Երրորդ փուլով, որը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին, փորձ կարվի տեղափոխել Լուսնի մակերևույթի գրունտային մասնիկները Երկիր մոլորակ։

Նշենք նաև, որ այս քայլով Չինաստանը դարձավ երրորդ պետությունը՝ ԱՄՆ-ից և ԽՍՀՄ-ից հետո, որին հաջողվեց տիեզերական սարք իջեցնել Լուսնի մակերևույթի վրա։ Հաջողությամբ պսակված նման նախորդ փորձն արել էր Խորհրդային Միությունը՝ 1976 թվականին։ Դրա արդյունքում «Լունա 24» տիեզերակայանի միջոցով Երկիր մոլորակ բերվեց 170 գրամ լուսնային գրունտ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *