«Ադրբեջանի կողմից գնված զենքը չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ». Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն Իսրայելի հետ 1.6 մլրդ դոլարի զենքի գնման պայամանգիր է կնքել: Փաստի առնչությամբ Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը պարտադրված է եղել բացատրություն տալ պաշտոնական Թեհրանին և հայտարարել է, թե գնված սպառազինությունը օգտագործվելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքները» ազատագրելու համար:

Թեհրանն, ամենայն հավանականությամբ, չի հավատում Բաքվի նման դիրքորոշմանը, քանի որ Ադրբեջանի գնած զինտեխնիկան ներառում է ՀՀՊ և ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ախունդովը զգուշացվել է, որ Բաքուն Թել-Ավիվին չպետք է թույլ տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: Հիշեցնենք, որ Թեհրանը բազմիցս սպառնացել է, թե կհարվածի այն պետություններին, որոնք պլացդարմ կդառնան Իսրայելին` Իրանին հարվածելու համար:

Այսօր կայացած ասուլիսում, Ադրբեջանի կողմից նման սպառազինության գնմանն անդրադարձավ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանի կողմից գնված զենքը չի կարող ուղղված լինելՀայաստանի դեմ: Նախ, ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բալանսը խախտված չէ: Բացի այդ, Հայաստանը չունի հարձակվողական բնույթի այնպիսի զենքեր, որոնց դեմ Ադրբեջանն ուղղեր նոր սպառազինությունը, որը պաշտպանողական բնույթի է: Նման զինտեխնիկան Ադրբեջանը կարող է օգատգործել միայն  Իրանի դեմ: Ինչ վերաբերում է դեսպանի հայտարարությանը` բնական է, որ Ադրբեջանն իր այդ քայլը պետք է փորձի քողարկել հայ-ադրբեջանական կոնֆլիկտով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Ռազմական փորձագետը նշեց, որ Ադրբեջանի սպառազինումից կարելի էր զգուշանալ, եթե գնվեին ցամաքային մարտի միջոցներ, որն իրապես կարող էր ուղղվել Հայաստանի դեմ, սակայն դա չի նշանակում, որ այսօր Իրանի դեմ կիրառվելիք զենքը վաղը չի ուղղվի Հայաստանի դեմ:

«Մեզ գործարքի բոլոր մանրամասները հայտնի չեն: Սակայն, մենք արդեն իսկ ունենք նախադեպ, երբ Ադրբեջանը գնել էր իսրայելական զինտեխնիկա, որն արտադրվել էր Ղազախստանում և շատ անորակ էր: Այդ դեպքում էլ խոսքը մեծ գումարի մասին է, սակայն հայտնի չէ, թե ինչ կվաճառի Իսրայելը Ադրբեջանին: Ինչ վերաբերում է ՀՀՊ և ՀՕՊ համակարգերին` ես չեմ կարծում, թե Իսրայելը կբացի սեփական գաղտնիքները և իր որակյալ տեխնիկան կվաճառի Ադրբեջանին, որին դիտարկում է որպես ասիական հետամնաց ինչ-որ երկիր»,- համոզմունք հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: Ի դեպ, ղազախական արտադրության իսրայելական զենքի գնմանը Razm.info-ն հանգամանալից անդրադարձել է:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության համար պահանջում է ոչ թե նախկին 7 կամ 15 մլնդ դոլար, այլ պահանջել է 300 մլն դոլար: Razm.info-ի հարցին, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանը կվճարի նման գումար` Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա իսկապես աստաղաբաշխական գումար է նման գործարքի համար, սակայն, եթե Ռուսաստանը շատ ցանկանա պահել Գաբալան, ապա գումարը կսակարկի:

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարին Կալինինգրադի մարզում Ռուսաստանի գործարկած ռադիոտեղորոշիչ կայանի շինարարությունն արժեցել էր 2 մլն դոլար:

2 responses to “«Ադրբեջանի կողմից գնված զենքը չի կարող ուղղված լինել Հայաստանի դեմ». Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Սպանված զինվորին խոշտանգե՞լ են: ԱՄՆ-ն պատկերացում չունի Սիրիայի ընդդիմության մասին. օրվա ամփոփում | Ռազմ.info

  2. Pingback: Նոր ռադիոլոկացիոն կայան Հայաստանո՞ւմ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *