Բանակի զարգացումն ավելի քան ակնհայտ է. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

6 ամսվա ընթացքում ճանաչեցի մեր բանակը։ Հզոր կառույց է։ Այսպես է բնութագրում բանակը շարքային Արամ Թորոսյանն, ով 6 ամիս առաջ մինչև բանակ գնալը մասնակցել էր Ռազմինֆոյի՝ «Հարցազրույցներ զորակոչիկների հետ» շարքին։

Շարքային Արամ Թորոսյանը Երևանից է։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը։ Ուսումնառությանը զուգահեռ աշխատել է Մատենադարանում:

Արամ Թորոսյանն ընկերուհու հետ

Արամ Թորոսյանն ընկերուհու հետ

Արամ, հիշեք ծառայության առաջին օրը։ Կնկարագրե՞ք, թե ինչպես անցավ։

Առաջին օրը, երբ մտա զորամաս, զարմացել էի այնտեղի մաքրությունից։ Բոլոր ծառերը խնամված,ճանապարհները մաքրված, զորանոցները իդեալական վիճակում։ Սկզբում ճիշտ է շփոթ հոգեվիճակում էի, բայց երբ իմացա, որ տվյալ զորամասի հրամանատարը Մոնթեն է եղել, շատ ոգևորվեցի։ Ոգևորությունս էլ ավելի մեծացավ, երբ մեզ անմիջապես ուղեկցեցին զինվորական համազգեստ ստանալու։ Դեռ մանկուց պատկառանքով էի վերաբերվում զինվորականներին։

Առաջին տպավորությունս սպասվածից մի քանի անգամ ավելին էր դրական առումով։ Իսկ առաջին տպավորությունն էական ու կարևոր է, որովհետև ինչպես ասում են, երբեք չես ունենա հնարավորություն նորից ստանալու առաջին տպավորություն այն բանից, ինչից երբևէ ստացել ես։

Դուք մի փոքր մեծ տարիքում գնացիք բանակ, դա խանգարեց, թե՞ օգնեց։ Կասե՞ք դրական ու բացասական կողմերի մասին։

Իհա´րկե, օգնեց։ Առհասարակ, ես կարծում եմ, որ բանակ պիտի զորակոչվեն ոչ թե դպրոցն ավարտելուց հետո, այլ համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո։ Եվ որ պիտի հանվեն բոլոր տեսակի տարկետումները, որովհետև ո՞վ է ասել, թե բանակին պետք չեն դոկտորներ կամ թեկնածուներ։ Ինձ ավելի պիտանի եմ համարում, երբ գիտելիքներս ներդնում եմ ծառայության կազմակերպման գործում։ Բացասական կողմ չկա, բնավ։

Չպիտի թույլ տալ, որ թուլամորթ մարդիկ կրթության ճանապարհով ճողոպրեն հայրենիքի պաշտպանության պատասխանատու և սուրբ գործից։ Պիտի զորակոչել բոլորին բանակ և դաստիարակել նրանց մեջ հայ տղամարդուն հատուկ որակներ։

Ֆիզիկական, կրակային պատրաստությունն ինչպե՞ս է։

Կրակային ու ֆիզիկական պատրաստությունը բանակում լուրջ հսկողության տակ են։ Զինվորը պիտի ֆիզիկապես կոփված լինի և լավ կրակի։ Չեք պատկերացնի՝ ինչ եմ ապրում, երբ մեզ տանում են հրաձգարան, ինձ թվում է, թե կյանքս հաջողված է։ Հաճախ երկինք եմ նայում ու խոսում մեր կռված տղերքի հետ։ Միշտ մտքումս կրկնում եմ ՝ «Այ թե այն ժամանակ դուք ունենայիք այս զենքերն ու զինամթերքը, տվյալ քանակությամբ փամփուշտները»։ Փաստը, որ ես հիմա շատ ավելի լավ եմ զինված որպես հայ բանակի զինվոր, ինձ մեկ ամաչեցնում է մեր ֆիդայիններից, մեկ էլ սիրտս լցնում ցնծությամբ։

Երբևէ դիրքեր բարձրացե՞լ եք։

Քանի որ դեռևս վեց ամիս է, ինչ ծառայում եմ և ուսումնական գումարտակում եմ, ապա դիրքեր բարձրացել ենք ուսումնափորձնական նկատառումներով։ Այսինքն՝ զորավարժություններ և այլն։

Ի՞նչ եք զգում, երբ դիրքերում եք լինում։ Թշնամուն ադքան մոտիկ։

Քանի որ դեռևս լրիվությամբ ընդգրկված չեմ մարտական հերթապահությանը, ապա կարող եմ միայն կիսատ զգացողություններից խոսել։ Զգում եմ, թե ինչքան եմ սիրում Հայաստանս, հայերիս, զգում եմ, որ թիկունքումս ընկերներս, սիրածս աղջիկն ու ընտանիքս են ապրում, զգում եմ, որ այդ պահին ընկերս լսարանում նստած դաս է սովորում, սիրածս աղջիկը ընկերուհու հետ պտտվում է Երևանի խանութներով ձեռնոց գնելու համար, մայրս էլ ճաշ է պատրաստում հորս ու եղբորս համար։ Նաև զգում եմ, որ դիմացս կանգնած է թուրքը, իմ և ողջ հայության մշտական թշնամին։ Ատելության ու վրիժառության զգացումն են տիրում սրտումս։ Դժվար է բացատրել այնպես, ինչպես իրականում զգում ես, բայց փորձեցի ամեն դեպքում։

Փորձեք արժևորել ծառայության 6 ամիսները։

Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ծառայության սիրով ու հաստատակամությամբ եմ մեկնել։ Վեց ամիսներն ամրապնդեցին բոլոր տեսակի համոզմունքներս, որ կապված են զինված ուժերի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ։ Վեց ամսվա ընթացքում ճանաչեցի մեր բանակը։ Հզոր կառույց է։ Այս վեց ամիսներն արժևորվել են նաև նրանով, որ ես այդ ընթացքում որոշել եմ հակաբանակային գովազդներին ու հասարակության մեջ շրջանառվող կեղծ լուրերի դեմ պայքար սկսել։ Բանակը մեր այն միակ կառույցն է, որը դժվարությամբ է ստեղծվել, որի զարգացում ավելի քան ակնհայտ է։

Բայց արի ու տես, որ այսօր բանակում չծառայածն իրեն իրավունք է վերապահում բանակի մասին վատ արտահայտվել, կամ որ շատերը բողոքում են բանակի ներսում երբեմն հանդիպող փողոցային բարքերին, մոռանալով, որ իրենք են նման անդաստիարակ ու փողոցում դաստիարակված մարդ ուղարկել Ազգային բանակ։ Չէ՞ որ մարդիկ բանակում չեն դառնում հանցագործ, նրանք տանը, դպրոցում, փողոցում կամ այլ քաղաքացիական կառույցներով անցնելու ընթացքում են դառնում այնպիսին, ինչպիսին որ կան, իսկ բանակում հակառակը՝ հնարավորինս ֆիլտրվում են նման վատ տեսակները։

Բանակի դերի մասին ի՞նչ կասեք։

Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ հանդիպում եմ ծնողների, ովքեր չեն ուզում իրենց որդիներին ուղարկել հայկական բանակ։ Օրինակ՝ ասելով. «Ինչու՞ մենք մեր երեխային ուղարկենք, երբ մեծահարուստը իր լակոտին չի ուղարկում»։ Ես էլ ասում եմ, որ լավ են անում, որ չեն ուղարկում. բանակը լակոտների տեղ չի։ Կամ էլ երբեմն կհանդիպես տղերքի, ովքեր ծառայությունից ինչ-ինչ պատճառներով խուսափում են։ Ծառայությունից խուսափած տղամարդը դժվարություններից խուսափած տղամարդ է։ Կարո՞ղ է արդյոք հայ կինը սիրել նման տղամարդու, այսինքն՝ նրան, ով փախել է իրեն սպասվող վտանգներից, չի կանգնել դժվարությունների առաջ և հաղթահարել դրանք։ Ոմանք էլ ասում են, թե կյանքից հետ են ընկնում ծառայության ընթացքում։ Հիմար խոսակցություններ են, բանակից այնպիսի օգուտներ կարող ես քաղել, այնպես կարող ես հղկվել, որ ոչ միայն հետ չես ընկնի դասալիքից, այլև մի քանի անգամ առաջ կանցնես։

Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ բանակից խուսափելու բոլոր պատճառաբանությունները իրականում մեկ հիմք ունեն՝ վախկոտություն և փոքրոգություն։ Մնացյալն անհեթեթ բացատրություններ և արդարացումներ են։

Ինչպե՞ս հարմարվեցիք առավոտյան վաղ արթնանալուն։

Սկզբանական շրջանում դժվարությամբ, բայց երբ հարմարվեցի, հասկացա, որ նախքան բանակում ծառայելը սխալ եմ արել, որ ուշ եմ արթնացել և օրս լիարժեք չեմ ապրել։

Սնունդը բավարարո՞ւմ է։

Բանակային սննդի մասին տարբեր են խոսակցությունները։ Բայց ես դժգոհ չեմ, զինվորականի համար շատ էլ լավ սնունդ է։ Այլ զորամասերում չեմ եղել, բայց մեզ մոտ սնունդը բարձր մակարդակով է մատուցվում։

Զորակոչ է: Հիմա ի՞նչ կմաղթեք զոչակոչիկներին:

Թող չվախենան իրենց սպասվող դժվարություններից, թող գիտակցեն, որ այդ դժվարությունները հաղթահարելուց հետո տուն կվերադառնան տղամարդ դարձած, հաղթական բանակ են գնում, ամենահզոր բանակներից մեկն աշխարհում։ Իմիջայլոց հարազատ եղբայրս էլ զորակոչիկ է և պատրաստվում է մեկնել ծառայության։

Այսօր բանակում զինվորն ինչի՞ կարիք ունի։

Մենք մի բանի կարիք ունենք՝ սիրո և ուշադրության։ Ուզում ենք զգալ, որ մենք հասարակության ուշադրության կենտրոնում ենք, որ մեզ սպասում են և չեն մոռացել։

Զրուցեց Հասմիկ Մելիքսեթյանը

Կարդացեք Արամ Թորոսյանի առաջին հարցազրույցն այստեղ. Զինվորի առաքելությունն ամենակարևորն է. Արամ Թորոսյան

One response to “Բանակի զարգացումն ավելի քան ակնհայտ է. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

  1. Pingback: Պատերազմի վերսկսումը հեռավոր ապագայում չէ, և ես մասնակցելու եմ դրան. Ռազմինֆոն զրուցել է իր հեղինակային շարքի հերոսի հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *