Հյուսիային Կորեայում մահապատժի են ենթարկել պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալին

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) մահապատժի են ենթարկել երկրի Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Չան Սոն Տխեկին։ Նա երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հորաքրոջ ամուսինն էր։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը։

Ըստ գործակալության տվյալների՝ Չան Սոն Տխեկին մահապատժի են ենթարկել դեկտեմբերի 12-ին՝  կարճատև ռազմական դատավարությունից հետո։ Տխեկի կալանավորման մասին պաշտոնապես հայտարարվել էր դեկտեմբերի 9-ին։

Նշվում է, որ Տխեկին մեղադրում են պետական իշխանությունը տապալելու փորձի, կոռուպցիայի համար։ Գործակալությունը հայտնում է, որ նա, ըստ մեղադրողների, «հանցավոր գործեր է իրականացրել Կիմ Չեն Ընի թիկունքում»։

Հավելենք, որ երբ 2011 թվականին Կիմ Չեն Ընը դարձավ երկրի ղեկավար, Չան Սոն Տխեկ պետության երկրորդ դեմքը դարձավ։ Նախկինում նա Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուցակցության կազմակերպչական բաժնի ղեկավարն էր, իսկ հետո՝ երկրի գերագույն ռազմական օրգանի՝ Պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալը։

Տեղեկացնենք, որ Չան Սոն Տխենի պաշտոնանկությունը երկրում ամենախոշոր իրադարձությունն էր Կիմ Չեն Ինի իշխանության գալուց հետո։ Բացի այդ, հարավկորեական լրատվամիջոցներն էլ գրում են, որ բացի Տխենկից մահապատժի են ենթարկվել նաև նրա օգնականները։

Փորձագետները ենթադրում են, որ այս քայլով երկրում քաղաքական մեծամասշտաբ փոփոխություններ են իրականացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *