Սիրիայի բանակը Նաբակ քաղաքում 200-ից ավել զինյալ է ոչնչացրել

Դեկտեմբերի 9-ին Սիրիայի բանակը Նաբակ քաղաքի Դամասկ-Հոմս մայրուղում հակաահաբեկչական գործողության ընթացքում ավելի քան 200 զինյալ է ոչնչացրել։ Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ավտոմայրուղին ամբողջապես ազատված է։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը։

Տեղեկացնենք, որ հենց այս մայրուղին է իրար կապում Սիրիայի հարավային և հյուսիսային շրջանները։

Գործողությունները կատարող զինծառայողները քաղաքի արևմտյան հատվածում զինամթերքի պահեստ ու ստորգետնյա ռազմական հոսպիտալ են գտել։ Նաբակ քաղաքում հայտնաբերվել է նաև 4 հատ ականապատ ավտոմեքենա, որոնք, ըստ էության, նախատեսված էին հարևան Լիբանանում ահաբեկչական գործողության համար։

«ալ Կաիդա» խմբավորման հետ կապ ունեցող այս ծայրահեղականները նախատեսել էին ականապատ ավտոմեքենաները սահմանապահ Էրսալ քաղաքով անցկացնել դեպի Բեյրութ։

Սիրիայի արաբական բանակի աղբյուրը նշել է, որ Նաբակը այսուհետ համարվելու է «անվտանգ քաղաք ու այնտեղ կարող են վերադառնալ բնակիչները»։

Կառավարական զորքերն այս պահին հսկում են ապստամբների նահանջի ճանապարհները։ Նշենք, որ ապստամբները փորձում են անցնել հարևան Յաբրուդ կամ Ջեյրուդի և քարքարոտ անապատի միջոցով հասնել Դամասկոս։ Այս քաղաքներում սիրիական բանակն ուժեղացնում է իր ներկայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *