ՀՀ զինված ուժերի զինծառայողներն Աստվածաշունչ են ստացել

«Յուրաքանչյուր զինվորին մեկ Սուրբ Գիրք» ծրագրի շրջանակներում Հայաստանի աստվածաշնչային ընկերության նախաձեռնությամբ Հայոց բանակում շարունակվում է զինվորներին Աստվածաշունչ մատյաններ բաժանելու գործընթացը:

Լուսանկարը՝ www.armchaplain.com կայքից

Լուսանկարը՝ www.armchaplain.com կայքից

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ հյուսիսային երկու զորամասերում սպայական կազմին և զինվորների որոշ մասին բաժանվեցին մոտ 1200 օրինակ «Աստվածաշնչի պատգամը. Աստվածաշնչային ընթերցումներ զինվորի համար» ծաղկաքաղ Աստվածաշունչ գրքերը (Բ.  հրատարակություն):

Առաջին զորամասում բանակի հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանին և Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուճյանին միացավ նաև Գուգարքի թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպս. Չուլջյանը՝ է՛լ ավելի շուք և կարևորութուն հաղորդելով այդ միջոցառմանը:

Զորամասերում նախ հանդիսավոր կերպով ընթերցվեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի Օրհնության գիրը Հայկ սարկավագ Թադևոսյանի կողմից, ապա բաժանվեցին Սուրբ Գրքերը, սրբազան հայրերը իրենց օրհնությունը և հայրական խրատը հաղորդեցին երկրի պաշտպաններին:

Վրթանես սրբազանը իր խոսքում առանձնացրեց Աստվածաշնչի կարևորությունը յուրաքանչուր անհատի կյանքում և հատկապես հայ զինվորի կյանքում՝ այն դիտելով որպես «հոգևոր զենք», որով կարելի է հաղթել զանկացած թշնամու, դեմ կանգնել օրհասական խնդիր դարձած համատարած բարոյազրկմանը: Սուրբ Գրքի ընթերցանությունը բանակն ավելի ամուր կդարձնի: Սեպուհ սրբազանը իր խոսքը սկսեց հռետորական հարցադրումով, թե ո՞վ ենք մենք. յուրաքանչյուրս մեր անուն ազգանունից, տան հասցեից և բնակության վայրից զատ՝ ուրիշ կարևոր արժեքներ ունենք:

Սրբազան հայրը խոսքի շեշտադրումը դրեց ազգային ինքնորոշման վրա և հորդորեց, որ ճանաչենք ինքներս մեզ՝ արթնացնելով գենետիկ, պատմական և հավատքային հիշողությունը, և ոչ թե ընկնենք նորաձև և հայի տեսակին անհարիր օտար արժեքների հետևից:

Միջոցառումը եզրափակեց գնդի հրամանատարը՝ տիար Վահրամ Գրիգորյանը, սպաներին և զինվորներին հորդորելով. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազաններին և Հայաստանի աստվածաշնչային ընկերությանը այս գեղեցիկ նախաձեռնության համար: Ես բոլորիդ հորդորում եմ կարդալ Ս. Գիրք և զինվորական կարգի համաձայն՝ հիշեցնում, որ Աստվածաշնչում տեղ գտած բոլոր պատվիրանները պահեք, հարգեք և գործադրեք»:

Արմեն սարկավագ Բայադյանը ներկայացվեց իր հոգևոր սպասավորության նոր վայրում, փոխանցում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *