Հնդկաստանի կառավարությունը հրաժարվել է ՌԴ-ի առաջարկով հիմնել ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի արտոնագրված արտադրություն. հնդիկները շարունակելու են սեփական զրահամեքենաների FICV նախագծի ծավալումը։
Ինչպես հաղորդում է Defense News պարբերականը, համապատասխան որոշման մասին ռուսական կողմին տեղեկացվել է դեռևս 2013-ի նոյեմբերի 18-ին՝ ռուս-հնդկական ռազմատեխնիկական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին, սակայն որոշումը հանրությանը հայտնի է դարձել օրերս։
Նշենք, որ սեփական արտադրության զրահամեքենաներով Հնդկաստանը ծրագրում է փոխարինել իր ունեցած խորհրդային արտադրության ԲՄՊ-1-երն ու ԲՄՊ-2-երը։
Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Հնդկաստան, առաջարկ էր արվել համատեղ հիմնել ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների արտադրություն։ Միևնույն ժամանակ պայման էր դրվել. համատեղ արտադրությունը կմեկնարկի այն ժամանակ, երբ Հնդկաստանը կամ կասեցնի, կամ հետաձգի FICV ազգային ՀՄՄ-ի արտադրությունը։
Հնդկաստանը 2012-ի դրությամբ նախատեսում էր արտադրել 2600 միավոր այդպիսի ՀՄՄ-ներ։ Ընդ որում, սույն նախագծում մասնակցելու իրավունք ունեին միայն հնդկական ավտոշինական ընկերությունները։ Այն ընկերությունը, որն ընտրվելու էր մրցույթի ավարտին, ստանալու է «Ապագայի ՀՄՄ» անունը կրող ՀՄՄ-ի արտադրության վերաբերյալ պայմանագիրը։
Ըստ Հնդկաստանի ցամաքային զորքերի պահանջների՝ նոր զրահամեքենան կառավարելու է 3 հոգի, այն պետք է ունակ լինի տեղափոխել 8 զինծառայող, ունենա 14.5 մմ տրամաչափի գնդացիր, հրանոթ, հակատանկային հրթիռներ արձակելու կարողություն, ջրում կարողանա լողալ։ ԲՄՊ-ի կառուցվածքը պետք է թույլ տա օդից դեսանտավորում իրականացնել։
Չնայած նրան, որ FICV նախագիծը, ինչպես նշվեց, փակ է արտերկրյա մասնակցության համար, հնդկական մի քանի ընկերություններ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել, համագործակցության պայմանագրեր են կնքել օտարերկրացիների հետ։ Մասնավորապես, Mahindra Defence Systems հնդկական ընկերությունը՝ բրիտանական BAE Systems-ի հետ։ Արտերկրյա ընկերությունների հետ համագործակցելու համաձայնագրեր կնքելու մտադրություն ունեն նաև հնդկական Tata Motors և Larsen & Toubro-ն։
Հավելենք, որ ԲՄՊ-3-երի ծրագրից հրաժարվելը հնդկական կողմը բացատրում է ազգային ռազմարդյունաբերությունը զարգացնելու միտմամբ։
Մոտ ժամանակներս Հնդկաստանը կընտրի ևս երկու հեռանկարային ծրագիր, ապա կանցնի նոր ՀՄՄ-ների դաշտային փորձարկումների։ Փորձարկումների արդյունքում պարզ կդառնա, թե երբ ՀՄՄ-ները կհանձնվեն ԶՈւ-ին։
Հնդկաստանի ՊՆ-ն ցանկանում է արդիականացնել նաև իր ունեցած 1400 միավոր ԲՄՊ-2-երը՝ ծախսելով շուրջ 1.8 մլրդ ԱՄՆ դոլար։
Pingback: Հնդկաստանը մտադիր է 10 մլրդ դոլար ծախսել սեփական ՀՄՄ-ի ստեղծման համար | Ռազմ.info