Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել ծովային հետևակին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու շրջանակներում։ Նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար ծախսել մոտ 15.5 մլն ԱՄՆ դոլար։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, նախատեսված է գնել ԱԹՍ-ի 3-ական համալիր ծովային հետևակի յուրաքանչյուր բրիգադի համար։
ԱԹՍ-ի ամեն մի համալիր պետք է ընդգրկի 2 միավոր փոքր չափերի անօդաչու սարք, թիրախների որսման 3 համակարգ, սենսորների մարտավարական ինտեգրման 4 համակարգ։ Ընդ որում, ԱԹՍ-ի գնումն իրականացվում է երկրի ԶՈւ արդիականացման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2012-ի վերջին։
Նկատենք, որ աղբյուրը չի նշում՝ ինչ տիպի ու մոդելի ԱԹՍ է ձեռք բերվելու։ Ներկա դրությամբ Ֆիլիպինների զինված ուժերը շահագործում է իսրայելական արտադրության Blue Horizon ԱԹՍ-ն։
Բացի այդ, տեղական ձեռնարկություններն արտադրում են Assunta ու Alessandra անունները կրող փոքր չափերի հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Հայտնի է նաև, որ ավելի վաղ ֆիլիպինցի զինվորականները կիրառել են MQ-1 Predator ամերիկյան արտադրության ԱԹՍ-ն։