Ռազմաշաբաթ. Թուրքիա. դեկտեմբերի 8-14

Թուրք-ղազախական ձեռնարկությունը բացել է առաջին գործարանը։ Թուրքական զորախումբ՝ ռումինական զորահանդեսին։ PKK-ն թուրք զինծառայողների էր առևանգել։ Ամերիկացիները թուրքերին չեն վաճառում ԱԹՍ-ի համար նախատեսված սարքեր։ Լիբիացի զինվորականներ կվերապատրաստվեն Թուրքիայում։

Karayel (Քարայել)

Karayel (Քարայել)

” Թուրքիայի զինված ուժերի զորախումբը մասնակցել է Ռումինիայի անկախությանը նվիրված զորահանդեսին, որն անցկացվել է դեկտեմբերի 1-ին մայրաքաղաք Բուխարեստում։ Ռումինիան տոնել է անկախության 95-ամյակը, որի շրջանակներում էլ զորահանդես է անցկացվել։ Զորահանդեսին հրավիրվել են մի շարք այլ երկրների զորախմբեր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Լեհաստանը, ինչպես նաև Թուրքիան։

” Թուրքական Aselsan և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝  Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), բացել է իր առաջին գործարանը Ղազախստանում։ Նոր գործարանում արտադրվելու են օպտիկաէլեկտրոնային համակարգեր։ Առաջին փուլով նախատեսվում է հիմնել 7 տարբեր սարքերի արտադրություն, այդ թվում՝ ջերմացույց սարքեր, հատուկ ակնոցներ, գիշերային տեսողության սարքեր։

” «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներն առևանգել են Թուրքիայի զինված ուժերի 4 զինծառայողների, ովքեր եղել են քաղաքացիական ավտոմեքենաներում։ Առևանգված զինծառայողները դեկտեմբերի 9-ին՝ տեղի ժամանակով 03։30-ի սահմաններում, ներկայացել են ծառայության վայր։

” Միացյալ Նահանգները հրաժարվել է Թուրքիային վաճառել Karayel (Քարայել) մարտավարական անօդաչու թռչող սարքերի համար անհրաժեշտ WestCAM Solutions ընկերության արտադրած սենսորներն ու լազերային նշանառության համակարգերը։ Թեև ամերիկյան կողմը չի մանրամասնել այդ որոշման պատճառները, սակայն փորձագետները չեն բացառում, որ ամերիկացիների այս քայլը կապված է պաշտոնական Անկարայի՝ չինական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերն ընտրելու հետ։

” Թուրքիան ստանձնել է Լիբիայի զինված ուժերի 3000 զինծառայողի իր տարածքում ռազմական կրթություն տրամադրելու պարտականությունը։ Լիբիացի զինծառայողները 14 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթաց կանցնեն թուրքական ուսումնական զորամասերում և կենտրոններում։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *