Թուրք-ղազախական ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացել է իր առաջին գործարանը

Թուրքական Aselsan և ղազախական Kazakhstan Engineering ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝  Kazakhstan Aselsan Engineering-ը (KAE), բացել է իր առաջին գործարանը Ղազախստանում։

Kazakhstan Aselsan Engineering (KAE)

Kazakhstan Aselsan Engineering (KAE)-ի գործարանը

Թուրք-ղազախական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության առաջին գործարանի բացումը եղել է 2013 թվականի դեկտեմբերի 10-ին։ Նոր արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել Ղազախստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև թուրք և ղազախ գործարարներ։

Նոր գործարանում արտադրվելու են օպտիկաէլեկտրոնային համակարգեր։ Առաջին փուլով նախատեսվում է հիմնել 7 տարբեր սարքերի արտադրություն, այդ թվում՝ ջերմացույց սարքեր, հատուկ ակնոցներ, գիշերային տեսողության սարքեր։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Սպասվում է, որ արտադրանքը սկզբնական շրջանում սպառվելու է Ղազախստանի զինված ուժերում։ Հետագայում ղազախական ու թուրքական կողմերը նախատեսում են արտադրանքն արտահանել հարևան երկրներ, ինչպես նաև օպտիկաէլեկտրոնային սարքեր պատրաստել Ղազախստանի զինված ուժերի Տ-72 տանկերի, ուղղաթիռների և զրահամեքենաների համար, մանրամասնում է թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականը։

Դեռ ամռանը «Ջեյնս» ռազմական հանդեսը տեղեկացրել էր, թե թուրք-ղազախական համատեղ ձեռնարկությունը նախատեսում է ԲՏՌ-70ՄԴ զրահափոխադրիչի վրա տեղադրել Aselsan ATS-10 ջերմացույց սարքեր, որոնք էլ արտադրվելու են Ղազախստանում։

Հավելենք, որ Kazakhstan Aselsan Engineering (KAE) համատեղ ձեռնարկությունը հիմնվել էր 2011 թվականին, սակայն արտադրական գործընթացը սկսում է 2 տարի անց։ Aselsan-ը Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *