Ֆրանսիական բանակը կորուստներ է կրել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Ֆրանսիական զորախմբի երկու զինծառայող է զոհվել Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում: Սա Ֆրանսիական զորքերի՝ հայտնի դարձած առաջին կորուստն է վերջին չորս օրերի ընթացքում՝ սկսած այն պահից, երբ ֆրանսիացի զինծառայողները սկսեցին տեղի զինված խմբավորումների վնասազերծումը: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին:

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Ֆրանսիացի զինծառայողները Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում

Նախօրեին ֆրանսիացիները պահանջել էին, որ զինյալներն, ովքեր մասնակցում էին միջէթնիկ բախումներին, վայր դնեն իրենց զենքը: Այդ պահանջի չկատարման դեպքում, ֆրանսիացիները սպառնացել էին ուժ կիրառել: Դրան նախորդել էր երկրի մայրաքաղաք Բանգիում տեղ գտած բողոքի ալիքը, որի ընթացքում զոհվել էր շուրջ 400 խաղաղ բնակիչ:

Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ընդունել այն բանից հետո, երբ 2013 թվականի մարտին մուսուլմանական «Սենեկա» զինված խմբավորման դրդմամբ գահընկեց արվեց երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն։ Կենտրոնական իշխանության բացակայության հետևանքով զինված բախումներ սկիզբ առան երկրի մուսուլման և քրիստոնեա համայնքների միջև:

2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվեց բանաձև, որով Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ծայր առած բախումների կանխման նպատակով այդ երրում առկա ֆրանսիական և Աֆրիկյան միության զորախմբերը պետք է ավելացվեին: Ֆրանսիական զորքերին շատ կարճ ժամանակում հաջողվեց վերահսկողություն հաստատել մայրաքաղաք Բանգիում և շարունակել առաջխաղացումը երկրի այլ ուղղություններում:

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում կարգուկանոնի հաստատման գործում ձեռնպահ չի մնում նաև ԱՄՆ-ն: Մասնավորապես, դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Պաշտպանության նախարար Չաք Հեյգելը թույլատրել է ամերիկյան ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռներն օգտագործել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիական զորախմբի մատակարարման ապահովմանն ուղղված բեռների փոխադրման համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *