Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի տարածքում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին։
Ռազմինֆոյի հետ զրույցում Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, մանրամասնել է. «Էպրեխտը հավաստիացրեց, որ այցելելու է Բաքու, ասաց, որ դժվար թե անձամբ տեսակցի Հակոբ Ինջիղուլյանին, սակայն ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից նորություններ կփորձի իմանալ։ Նա ասաց՝ տեղյակ չի՝ երրորդ երկիր գնալու Հակոբի դիմումն արդեն ՄԱԿ-ում է, թե ոչ։ Իմացանք, որ Հակոբի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցելու են հունվարի վերջին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները հանդիպել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին։ Վերջինս հաստատել է՝ Հակոբն առողջական խնդիրներ չունի, իսկ Ալլահշյուքուր Փաշազադեի պատասխան նամակը ՀՀ ԱԳՆ-ում է։
Նոյեմբերի 27-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ռազմագերու հարազատներին տեղեկացրել էին՝ Ինջիղուլյանին պետք է կրկին տանեն ակնաբուժարան, քանի որ աչքերը ցավում են, ակնոց է անհրաժեշտ։
Դեռևս նոյեմբերի 21-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից հարազատներին հաղորդել էին՝ Ինջիղուլյանը նամակը չափազանց մոտ էր պահել կարդալու համար, լավ չի տեսնում, ուստի դիմել էին Ադրբեջանի պատկան մարմիններին՝ ակնոց տրամադրելու հայցով։
Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։