Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին Ան-148 բեռնատար ինքնաթիռը

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ստացել է առաջին Ան-148 ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Ինքնաթիռի ստացման արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ան-148

Ան-148

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, տրամադրման արարողությունը կայացել է Բորիսոգլեբի ուսումնական ավիաբազայում։
Նախարարը գոհ է մնացել ինքնաթիռից՝ շեշտելով, որ «ՌԴ ՌՕՈւ-ն նման մեքենաների կարիք ունի»։

Իր հերթին, Վորոնեժի ինքնաթիռաշինական միավորման գլխավոր տնօրեն Վիտալի Զուբարյովը լրագրողներին հայտնել է. «Միավորման ու ՌԴ ՊՆ-ի միջև կնքած պայմանագրի համաձայն՝ ՌԴ ՌՕՈւ-ն մինչև 2017-ի վերջը կստանա 15 միավոր Ան-148։ Այս տարի մենք կառուցել ու ռազմաօդային ուժերին ենք հանձնել առաջին նմուշը, 2014-2015-ին կհանձնենք ևս 4 միավոր, իսկ 2016-2017-ն ընկած ժամանակահատվածում՝ 3-ական ամեն տարի։ Ինքնաթիռն առավելագույնը 75 հոգու կարող է փոխադրել»։

ՌԴ ՌՕՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կլիմովը հայտարարել է՝ Ան-148-երն ընդգրկվելու են 800-րդ ավիաբազայի կազմում և տեղակայվելու են Մոսկվային կից Չկալովսկի օդանավակայանում։

Հավելենք, որ բեռնատար Ան-148-ի առաջին թռիչքը կայացել է 2004-ի դեկտեմբերին, շահագործումը մեկնարկել է 2009-ի հունիսին։ Նախատեսված է, որ դրանք պետք է փոխարինեն Ան-72 ու Ան-74 ինքնաթիռներին։ Ինքնաթիռի երկարությունը 29.13 մ է, բարձրությունը՝ 8.19 մ, թևի բացվածքը՝ 28.91 մ, արագությունը՝ 800-870 կմ/ժ։

Բացի Ռուսաստանից, շահագործողների թվում է նաև Ուկրաինան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *