Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության նոր գոտին կսկսի գործել 2013 թվականի դեկտեմբերի 15-ից։ Այն իր մեջ կներառի երկրից հարավ ընկնողՄարադո, Հոնդո և Իոդո կղզիները, որոնք մասնակի վերահսկվում են Չինաստանի կողմից։ Այդ մասին հաղորդում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը։
Հարավային Կորեայի հարևան պետություններն ըմբռնումով են մոտեցել այս որոշմանը, իսկ ԱՄՆ-ն նույնիսկ հայտարարել է, թե Սեուլի քայլն օրինական է։
Հարավային Կորեան ստիպված եղավ դիմել այս միջոցներին որպես հակակշիռ՝ ընթացիկ տարվա նոյեմբերին Չինաստանի կողմից Հարավչինական ծովի շրջանում ՀՕՊ ազդեցության գոտու ընդլայնմանը։ Այս քայլը դժգոհությամբ ընդունվեց Հարավային Կորեայում և Ճապոնիայում, քանի որ Չինաստանի կողմից ՀՕՊ ազդեցության նոր գոտու մեջ էին հայտնվել այդ երկրների կողմից վերահսկվող կղզիներ։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նույնիսկ հայտարարեց, որ Պեկինի ձեռնարկած քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ ԱՄՆ-ն իր հերթին ևս հրաժարվել էր ճանաչել չինական ՀՕՊ նոր գոտին և նոյեմբերի 26-ին նույնիսկ երկու ռազմական ինքնաթիռ ուղարկել վերոնշյալ հատված, սակայն Չինաստանը որևէ կերպ չէր խոչընդոտել դրանց թռիչքին։
Ճապոնիայի արձագանքը Չինաստանի այս քայլին ևս եղավ կտրուկ։ Մասնավորապես, դիվանագիտական ճանապարհով հայտնած անհամաձայնությունն ամրապնդվեց գործնական քայլերով, երբ նոյեմբերի 28-ին այդ գոտի ուղարկեցին ճապոնական օդուժի ռազմական ինքնաթիռներ։ Վերջիններիս թռիչքը նույնպես եղավ անխափան։
Նշենք, որ վիճելի համարվող կղզիները հարավկորեական սահմանից 140 կմ հեռավորության վրա են։ Դրանք անմարդաբնակ են, սակայն վերջերս դրանց մերձակայքում հայտնաբերվել են տարբեր օգտակար հանածոների պաշարներ։ Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից բացի, կղզիների նկատմամբ հավակնություններ ունի նաև Թայվանը։