Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղեկացրել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում առկա ֆրանսիական զորախմբի ավելացման մասին՝ անելով բավական յուրօրինակ հայտարարություն. հինգշաբթի երեկոյան առկա էր 600 զինծառայող, անցյալ գիշեր՝ 1000, իսկ այսօր երեկոյան՝ 1600։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
Ֆրանսիական զորախումբն արդեն սկսել է իր առաջխաղացումը Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիից և վերահսկողություն է հաստատել երկրի արևմուտքում գտնվող մի շարք խոշոր բնակավայրերի նկատմամբ, որոնց թվում են նաև Կոնտոնիեր և Բուար քաղաքները։
Համաձայն տարբեր գնահատականների՝ վերջին օրերին երկրի մայրաքաղաք Բանգիում ծայր առած բախումների զոհ է դարձել շուրջ 400 մարդ։
Հավելենք, որ համաձայն դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված բանաձի, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ծայր առած բախումների կանխման նպատակով այդ երկիր պետք է մտցվեին Ֆրանսիայի 1200 զինծառայող, իսկ Աֆրիկյան միության զորախմբի ներկայությունը պետք է հասցվեր 3600-ի։
Հիշեցնենք, որ իրավիճակը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում լարված բնույթ է ընդունել այն բանից հետո, երբ 2013 թվականի մարտին մուսուլմանական «Սենեկա» զինված խմբավորման դրդմամբ գահընկեց արվեց երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն։ Դրան հաջորդեցին երկրի քրիստոնյա և մուսուլման համայնքերի զինված բախումները, որոնք առավել սուր բնույթ ստացան հատկապես վերջին ամիսներին։