Ուղիղ 6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այժմ նրանք արձակուրդում են, և մենք պահում ենք մեր խոստումը։ Մենք մշտապես հետևել ենք նրանց ու ներկայացնում ենք, թե ինչպիսի զինվորներ են այսօր նրանք։
Մեր մյուս զրուցակիցը կրտսեր սերժանտ, գյումրեցի Միքայել Միքայելյանն է: Նա Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի առաջին կուրսի ուսանող է։
—Ուզում եմ ասեք, թե այս ամիսների ընթացքում բանակը Ձեզ ի՞նչ տվեց:
Տվեց լավ ընկերներ, մասնագիտական գիտելիքներ, հնարավորություն` կյանքին այլ աչքերով նայելու: Մի փոքր ավելի շրջահայաց եմ դարձել:
—Ի՞նչ կուզենայիք իմանալ մինչև բանակ գնալը, որ միայն բանակում գիտակցեցիք դրա պակասը:
Մենք պարտավոր ենք կռվել իմանալ: Պատերազմող հողը մարտնչող զինվորների կարիք ունի: Երբ նոր գնացի բանակ, հասկացա, թե ինչքան բան չգիտեմ ու ինչքան բան ունեմ սովորելու, որպեսզի կարողանամ հարկ եղած դեպքում մասնակցել մարտական գործողություններին: Եվ այդ ամենը քաջ գիտակցելով` փորձում էի հնարավորինս շատ բան իմանալ, խորացնել իմ մասնագիտական գիտելիքները,տիրապետել զենքի, ռազմական տեխնիկայի: Այսօր ես վստահաբար կարող եմ ասել,որ դա ինձ մոտ հաջողվել է: Այ, այս բոլորը կուզենայի իմանալ:
—Եթե փորձեք արժևորել բանակային կյանքի այս ամիսները, ապա ինչպե՞ս կգնահատեք դրանք:
Դե 5 ամիսն իմ կարծիքով այնքան էլ երկար ժամանակ չէ: Աչքս թարթեցի, անցավ: Սակայն բոլոր 5 ամիսներն էլ ինձ համար եղել են միայն ու միայն ձեռքբերումների և նվաճումների ամիսներ: Բնականաբար, դժվարություններ էլ եմ շատ տեսել, բայց հենց այդ դժվարություններն են, որ հասարակ պատանուն դարձնում են իսկական զինվորական: Հպարտությամբ կարող եմ նշել, որ պատրաստ եմ պատվով ծառայելու արդեն որպես ջոկի հրամանատար:
—Ո՞րն էր ամենամեծ դժվարությունը:
Թերևս ինքս ինձ հետ կռվել ու հաղթելն էր (ժպտում է):
—Այսի՞նքն:
Խնդիրը հոգեբանական էր: Մանավանդ երբ նորակոչիկ ես,դու ընկճված ես: Մտնում ես մի կյանք, որին, կարելի է ասել, ընդհանրապես ծանոթ չես: Միայն լսելով ես մի փոքր պատկերացում կազմել: Թվում է, թե անհնար է, դու չես կարող հարմարվել այդ նոր կյանքին, զինվորական առօրյային: Բայց ես գիտեի, որ պարտավոր եմ հարմարվել: Դժվարությունն ամենասկզբում ադապտացիայի հետ է կապված:
—Հե՞շտ արթնացաք առավոտյան:
Առաջին գիշերը, կարելի է ասել, ընդհանրապես չեմ քնել: Իսկ հետո արդեն կամաց-կամաց հունի մեջ ընկա: Առավոտյան վերկացից 5 րոպե շուտ ես արդեն արթուն էի:
—Հիմա որպես զինծառայող, կասեք, թե ով է զինծառայողը բանակում: Դերի մասին խոսեք, խնդում եմ:
Զինծառայողի դերն ու նշանակությունը բոլոր գիտակից մարդկանց էլ քաջ հայտնի է: Ուղղակի խնդիրն այն է, որ շատ զինծառայողներ իրենք դեռևս չեն պարզել, թե որն է իրենց դերն ու նշանակությունը բանակում:
—Դուք պարզե՞լ եք:
Վաղուց…
—Կմանրամասնե՞ք:
Ես զինվոր եմ: Ես ունեմ իմ առջև հստակ դրված խնդիր, առաքելություն: Ես իմ գիտակցության մեջ կրում եմ նախնիներիս ավանդած սուրբ պատգամը: Իմ երակներով հոսում է Վարդան Մամիկոնյանի, Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի արյունը: Ես նրանց սուրբ գործի շարունակողն եմ: Ես խաղաղություն ու ժպիտ պարգևողն եմ: Անկախության ու ինքնիշխանության խորհրդանիշն եմ: Ժողովրդիս սուր ու վահանն եմ:
—Մինչ բանակ գնալը նշել էիք, որ լավ նշանառու եք, հիմա ինչպե՞ս է կրակային պատրաստությունը:
Գերազանց է: Կրակային պատրաստության քննությունս 5 ստացա:
—Զորակոչ է: Հիմա ի՞նչ կմաղթեք զոչակոչիկներին:
Մաղթում եմ հայրենասիրություն, գիտակցված ծառայություն, մաղթում եմ ուժ, կամք դիմանալու և դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Մաղթում եմ համբերություն, ներողամտություն: Անփորձանք ծառայեն, հայրենիքի նկատմամբ պարտքը պատվով կատարեն և վերադառնան իրենց ընտանիքներին:
Հարցազրույցը` Հասմիկ Մելիքսեթյանի
Կարդացեք Միքայել Միքայելյանի առաջին հարցազրույցը` Ի ուրախություն ինձ լավ նշանառու եմ. Միքայել Միքայելյան