Հորդանանը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի տեղը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

Հորդանանը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի տեղը ՄԱԿ անվտանգության խորհրդում: Հորդանանի օգտին են քվեարկել ՄԱԿ ԱԽ 193 անդամներից 178-ը:

ՄԱԿ ԱԽ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Հորդանանը պաշտոնապես ՄԱԿ ԱԽ անդամ կդառնա 2014-ի հունվարի 1-ին՝ 2 տարի ժամկետով: Ոչ պաշտոնական լուրերը Հորդանանի նշանակման վերաբերյալ շրջանառվում էին դեռևս նոյեմբերի սկզբից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սաուդյան Արաբիային ընտրել էին որպես ՄԱԿ ԱԽ անդամ, սակայն հաջորդ օրը վերջինս հրաժարվել էր իր տեղից: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը վկայել էր, որ ՄԱԿ-ում գործում են երկակի չափանիշներ, իսկ «ՄԱԿ-ի աշխատանքի սկզբունքներն ու մեխանիզմներն անհնարին են դարձնում ամբողջ աշխարհում խաղաղություն սահմանելու հարցի լուծումը»։

Սաուդյան Արաբիան առաջին անգամը չէ, որ քննադատում էր ՄԱԿ-ի գործունեությունը, դժգոհելով, որ վերջինս չի կարողանում վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Այս հարցում, այնուհանդերձ, Սաուդյան Արաբիան ցուցաբերում է կողմնակալ մոտեցում՝ պնդելով, որ «Սիրիայում հազարավոր մարդկանց կյանքը խլած պատերազմը վաղուց ավարտված կլիներ, եթե միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ն օգնեին Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին»։

Երկիրն իր դժգոհությունն էր հայտնել նաև ՄԱԿ-ի՝ իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում «անգործության» վերաբերյալ։ Այս հարցում էլ Սաուդյան Արաբիան պաշտպանել էր Պաղեստինի շահերը։

Հավելենք, որ ՄԱԿ ԱԽ-ում նախագահում են 15 երկրների ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը մշտական անդամներ են և վետոյի իրավունք ունեն։ Եվս 10 տեղ հատկացված է ոչ մշտական անդամ պետություններին։ Ամեն երկու տարին մեկ անգամ ոչ մշտական անդամների կազմը փոխվում է՝ համաձայն ռոտացիոն սկզբունքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *