Ֆրանսիայի Սպառազինության գլխավոր վարչությունը MMP հակատանկային հրթիռային համալիրների ձեռքբերման համաձայնագիր է կնքել հրթիռային համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացող եվրոպական նշանավոր MBDA ընկերության հետ (շտաբ բնակարանը՝ Լոնդոն):
Ինչպես հաղորդում է Defense News-ը, գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 500 միլիոն եվրո:
Ըստ պայմանագրի՝ մատակարարման գործընթացը մեկնարկելու է 2017-ին և ընդհանուր առմամբ ֆրանսիական կողմին է մատակարարվելու MMP հակատանկային հրթիռային համալիրի 400 արձակման կայան և 2850 հրթիռ:
Մինչ այդ Ֆրանսիան ուներ պայմանագիր ամերիկյան «Lockheed Martin & Raytheon» ընկերության հետ, որը մատակարարում էր Javelin (Ջեվըլին) հակատանկային հրթիռային համալիրներ: Ամերիկյան ընկերության հետ կնքված պայմանագրի շրջանակներում 2010 թվականի փետրվարին Ֆրանսիան ստացել էր Javelin հրթիռային համալիրների արձակման 76 կայան և 260 հրթիռ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 70 միլիոն ամերիկյան դոլար:
Նշենք, որ այս հրթիռային համալիրը հանդիսանում է ամերիկյան հակատանկային սպառազինության գլխավոր բաղկացուցիչներից մեկը:
Սակայն այժմ ֆրանսիական կողմը որոշել է նախապատվությունը տալ MMP հակատանկային հրթիռային համալիրներին, որոնք իրենց լրակազմում կարող են ունենալ երկու տեսակի հրթիռ՝ միջին և մեծ հեռահարության: Չկառավարվող կրակի դեպքում հրթիռի հեռահարությունը կազմում է շուրջ 4000 մետր, իսկ կառավարվող կրակի դեպքում՝ 8000 մետր: Արձակման կայանն օժտված է լազերային հեռաչափով, ջերմացույց սարքով և ցերեկային նշանառության հարմարանքով: