Զինվորը պետության օդն ու ջուրն է. Ռազմինֆոն հետևում է իր հարցազրույցների հերոսներին

Ուղիղ 6 ամիս առաջ Ռազմինֆոն սկսեց հեղինակային շարք՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այժմ նրանք արձակուրդում են, և մենք պահում ենք մեր խոստումը։ Մենք մշտապես հետևել ենք նրանց ու ներկայացնում ենք, թե ինչպիսի զինվորներ են այսօր նրանք։

Մեր առաջին զրուցակիցը կրտսեր սերժանտ Սարգիս Մինասյանն էր՝ Մասիս քաղաքից։ Սարգիսն ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կիբերնետիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ կիբերնետիկ-չափագետ է։

Սարգիս Մինասյան

Սարգիս Մինասյան

Բանակ գնալուց առաջ մեզ հետ հարցազրույցում նշել էիք, որ «մեր երկրի պայմաններում ռազմական մինիմալ գիտելիքներ ունենալը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր»։ Արդյո՞ք էլի այսպես եք մտածում, ի՞նչ փոխվեց այս 6 ամիսների ընթացքում Ձեզ մոտ։

Ծանոթացա բանակին, կարգուկանոնին։ Գիտեք, նույնն եմ երևի…ուղղակի ավելի զգույշ ու ավելի հեռատես եմ դարձել։

Ի՞նչ կուզենայիք իմանալ մինչև բանակ գնալը, որ բանակում հասկացաք։

Իմացա, որ կարոտը ցավոտ բան է…ազատությունն էլ՝ անհրաժեշտություն։

Բանակի տվածներից ամենաշատն ի՞նչ եք կարևորում։

Հասկացել եմ, որ ժամանակն իզուր չպետք է ծախսել։

Սարգիս Մինասյան

Սարգիս Մինասյան

Կհիշե՞ք բանակային առաջին օրը։

Առաջին օրը ժամը 6-ին վերկաց։ (Ժպտում է)։ Դժվար օր էր շատ։ Ժամը 10-ն էր, բայց բոլորս պատկերացնում էինք, թե 2-3-ի կողմերն է արդեն։ Դժվար էր, որ ջուր կարող ես խմել դասամիջոցին կամ հարցնես նոր խմես։ Մի խոսքով լրիվ ուրիշ կյանք է, որին մենք հարմարվել ենք։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, որ հիմա գնում են բանակ։

Խորհուրդ կտամ, որ սառնասիրտ լինեն։ Ամեն քայլից առաջ լավ մտածեն։

Բանակի սնունդից գո՞հ եք։

Բավարար։ Ավելի վատ էի պատկերացնում։ Ոսպով ու բրնձով փլավն եմ ամենաշատը սիրում։ (Ժպտում է)

Ձեր կրակային պատրաստությունն ինչպիսի՞ն է։ Գերազանցիկի շքանշան ինչպե՞ս ստացաք։

Քննության ժամանակ ամեն 3-րդ զույգը կրակային վարժությունը հակագազով էր անում։ Այդպես ես բոլոր թիրախներին խփեցի։ Դրա համար էլ ինձ գերազանցիկի շքանշան տվեցին։

Իսկ գո՞հ եք բանակի տված գիտելիքներից։ Դրանք այն գիտելիքնե՞ր են, որ ուզում էիք ստանալ։

Կարելի է ասել՝ այո։ Շատ բան եմ սովորել։ Լավ կրակելն արդեն բավական է։ (Ժպտում է)

Այ հիմա՝ 6 ամիս ծառայելուց հետո, ո՞վ է զինվորը բանակի համար։ Ո՞վ է զինվորը մեր պետության համար։

Զինվորը բանակի բջիջն է, բանակն էլ՝ պետության հիմքը։ Առանց զինվոր չկա բանակ, առանց բանակ չկա պետություն, հետևաբար զինվորը պետության օդն ու ջուրն է։

Դուք կրտսեր հրամանատար եք, կասեք` հրաման կատարելու և տալու դժվարությունը ո՞րն է։ Ինչպիսի՞ն է ինչոր մեկի համար պատասխանատու լինելու զգացումը։

Դժվարությունն այն է, որ դու պատասխան ես տալիս քեզ լրիվ անծանոթ մարդու համար։ Չգիտես՝ տվյալ զինվորի խառնվածքը։ Ինձ թվում է՝ հրաման տալու մեջ դժվար բան չկա, եթե, իհարկե, կանոնադրությամբ սահմանված հրամաններ ես տալիս։ Նույնն էլ հրաման կատարելու դեպքում է։

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Կարդացեք Սարգիս Մինասյանի առաջին հարցազրույցն այստեղ. Ռազմական մինիմալ գիտելիքներ ունենալը պարտադիր է. ապագա զինվոր

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *