«Իսրայելը չի կարող հարվածել Իրանին». փորձագետ: Բաքուն Մոսկվայից 300 մլն դոլար է պահանջում. օրվա ամփոփում

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում է եղել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմաններին զորավարժությունների անցկացման փաստը: Չի շրջանցվել նաև Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի գնման թեման: Հայ փորձագետները հավանական չեն համարում իսրայելաիրանական պատերազմը: Իսկ Ադրբեջանի ախորժակը մեծացել է և, ոչ պաշտոնական տվյալներով, որոշել է Գաբալայի ՌՏԿ-ի համար Ռուսաստանից պահանջել ոչ թե 7 կամ 15 մլն դոլար, այլ 300 մլն դոլար:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂ ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը:

  • Նախորդ շաբաթ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ էին անցկացնում հայկական սահմանների մոտ: Անդրադառնալով այդ զորավարժություններին` հայ փորձագետները նշել են, որ «նման զորավարժություններում փայլած դիվերսանտներն ու հետախույզներն են, որ մնում են մեր խրամատներում և զրկվում հետ գնալու կարողությունից»:
  • Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննսիյանն անդրադարձել է իսրայելաադրբեջանական զենքի գնման պայմանագրին` ներկայացնելով դրա թերի կողմերը. «Վաճառված հրետանային համակարգերը ունեն լուրջ թերամշակություններ, ԱԹՍ-ները հնացած կամ սուրոգատ ԱԹՍ-ներ են: Քանի որ իսրայելական ռազմական տեխնիկան շատ բարձրակարգ է, ապա սա նշանակում էր, որ Իսրայելի համար Ադրբեջանը մի ասիական հետամնաց երկիր է»:
  • ԼՂ ՊԲ մամլո ծառայությունը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը, թե հայկական ուժերի կողմից ադրբեջանցի սպա է վիրավորվել։
  • ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը: Նրանք անդրադարձել են  ՀՀ պաշտպանական բարեփոխումների և միջազգային ռազմական համագործակցության ոլորտում ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխադարձ հանձնառություններին և դրանց կյանքի կոչման համար անհրաժեշտ օժանդակության կարիքների վերստուգմանը:
  • «Արտակ Նազարյանի գործով դատաքննությունը շարունակվում է բացառիկ անքաղաքավարի մթնոլորտում»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը` նշելով, թե նման անքաղաքավարի մթնոլորտում իրենց ավելի ազատ զգալու համար էլ դատավարությունը Երևանից տեղափոխվեց Տավուշի մարզ:
  • Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որտեղ քննարկվել են բանակաշինությանը, սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
  • Իրանագետ Սևակ Սարուխանյանն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հավանականությանը: «Ես հակված եմ այն մտքին, որ Իսրայելը չի կարող հարվածել Իրանին, քանի որ Իսրայելի շրջապատում իրավիճակը բավականին բարդացած է: Նրան այսօր ավելի շատ հետաքրքրում են զարգացումները Սիրիայում և Եգիպտոսում, քան Իրանի միջուկային ծրագիրը»,- ասել է նա:

Իսկ Մոսկվան և Բաքուն շարունակում են քննարկել Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման պայմանագիրը: Այսօր մամուլում հայտնված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության համար 7 մլն դոլարի փոխարեն 300 մլն վճարել: Նախնական տվյալներով` ՌԴ ՊՆ-ն չի պատրաստվում նման գումար վճարել, սակայն, դժվար թե հեշտությամբ հրաժարվի այդ հենակետից: Մյուս կողմից` Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ բանակցությունները շարունակվում են կառուցողական մթնոլորտում, որոնք հանգուցալուծում կստանան ռուսների` Ադրբեջան կատարած այցից հետո:

  1. Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը, անդրադառնալով Ադրբեջանի սպառազինմանը, ասել է.  «Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքն Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է»:
  2. Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը այլ կարծիքի է, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ստիպված է այլ հայտարարություն անել, որի համաձայն  Թել Ավիվից գնված 1,6 մլրդ դոլարի սպառազինությունը օգտագործվելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքները» ազատագրելու համար: Պաշտոնական Թեհրանն Ախունդովին հերթական անգամ զգուշացրել է, որ Բաքուն չպետք է թույլ տա, որպեսզի Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործի Իրանի դեմ «ահաբեկչական գործողությունների» համար: Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս հայտարարել է, թե կհարվածի այն պետություններին, որոնք հենակետ կդառնան Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ:
  3. Շարունակելով թեման` ասենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:
  4. Իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» թերթը` վկայակոչելով WikiLeaks կայքը, հետաքրքիր հրապարակում է արել: Ըստ այդմ, ռուս-վրացական պատերազմից առաջ Իսրայելը Ռուսաստանին է փոխանցել Վրաստանին մատակարարվող անօդաչու սարքերի գաղտնագրերը, փոխարենը` ստացել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը կոտրելու գաղտնագրեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *