Իսրայելի պաշտպանության նախարարությունը ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ ևս 2 միավոր C-130J-30 Super Hercules բեռնատար ինքնաթիռներ գնելու համար։
Իսրյայելցի զինվորականները ցանկություն էին հայտնել գնել 9 միավոր «Սուպեր Հերկուլես» 2008 թվականին։ 2010 թվականին Lockheed Martin ընկերության հետ կնքվել էր արդեն հաստատուն պայմանագիր, որով իսրայելական կողմը գնում էր 3 միավոր ինքնաթիռ, իսկ մնացած 6-ը գնելու հնարավորություն ստանում պայմանագրի օպցիոնով։
Մինչ օրերս կնքված պայմանագիրը Իսրայելը 4 «Սուպեր Հերկուլես» գնելու հստակ պատվեր էր տվել, իսկ նոր պայմանագրով դրանց գումարվեց ևս 2-ը։ Այսպիսով, Իսրայելը ներկա դրությամբ պայմանագիր ունի 6 միավոր «Սուպեր Հերկուլեսներ» ձեռք բերելու վերաբերյալ, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Սպասվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կազմի մեջ առաջին C-130J-30 ինքնաթիռը կմտնի 2014 թվականի գարնանը՝ կապված արդիականացման և իսրայելական բանակի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ։
Ներկայում Իսրայելի ռազմաօդային ուժերի կազմում 12 միավոր C-130E/H բեռնատար ինքնաթիռ կա, որոնց մի մասը կարդիականացվի, իսկ մյուս մասն էլ շարքից դուրս կբերվի, երբ ստացվեն նոր «Սուպեր Հերկուլեսները»։
Ամերիկյան Lockheed Martin ընկերության C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։ C-130J-30-ը C-130J-ի մոդիֆիկացիան է, որն ավելի երկար է ու ավելի շատ տարողություն ունի։ Այս ինքնաթիռների անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 128 ուղևոր կամ մինչև 20 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 671 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5250 կմ։ Իսրայելի զինված ուժերում ինքնաթիռը ստացել է «Սամսոն» անվանումը։