Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Բաշքալե շրջանում երկրի զինված ուժերի ժանդարմերիայի զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 11 զինվոր է վիրավորվել։
Վթարը գրանցվել է դեկտեմբերի 5-ին տեղի ժամանակով 15։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 17։00-ի սահմաններում)։
Վանի ժանդարմերիայի Ասայիշի դիվիզիայի Kirpi («Քիրփի») զրահամեքենան, որն ընթանում էր 5 մեքենայից կազմված շարասյան կազմում, սառցապատ ճանապարհի վրա կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով նրանով երթևեկող 11 զինծառայող վնասվածքներ է ստացել։
Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Շարասյան մյուս ավտոմեքենաները չեն վնասվել։
Հավելենք, որ Kirpi զրահամեքենաներն արտադրվում են Թուրքիայում։ Առավել մանրամասն՝ այստեղ։