Հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ և հայ-վրացական զորավարժություններին: Ու՞մ դեմ կուղղի Ադրբեջանը իսրայելական զինտեխնիկան. օրվա ամփոփում

2012թ. հայ զինծառայողները կմասնակցեն ՀԱՊԿ և հայ-վրացական զորավարժություններին: Գյումրիի ռուսական ռազմաբազան նոր հրամանատար ունի: Իսրայելաադրբեջանական ռազմական համագործակցության ֆոնին էլ ավելի են լարվում ադրբեջանաիրանական հարաբերությունները: Իսկ ԱՄՆ-ն հայտարարում է, թե Իսրայելը հանկարծակի է հարձակվելու Իրանի վրա, չնայած, որ ԱՄՆ հավաստմամբ, Իրանը ներկայումս միջուկային զենք ստեղծելու ուղղութամբ չի աշխատում:

  • Երևանում մեկնարկել են «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները:
  • Սակայն դրանք միակ զորավարժությունները չեն, որոնց այս տարի կմասնակցեն հայ զինծառայողները: Ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով թբիլիսյան թղթակցին` հայտնում են, որ 2012թ. ամռանը Հայաստանն ու Վրաստանը առաջին համատեղ զորավարժությունները կանցկացնեն: Զորավարժությունների օրակարգն ու մասշտաբները չեն նշվում, սակայն հայտնի է, որ դրանք անցկացվելու են ԱՄՆ-ի հովանու ներքո:
  • Ռուսաստանի նախագահի հրամանագրով` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի  հրամանատար է նշանակվել գնդապետ Օլեգ Սմիրյոնովը:
  • Փետրվարի 20-ին` զինվորի` թոքաբորբից մահվան փաստով քրեական գործ է հարուցվել`  Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` «Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
  • Վերլուծաբան Ջոշուա Կուչերան այն կարծիքի է, որ Ադրբեջանի կողմից գնված զենքն ուղղված է Հայաստանի, ոչ թե Իրանի դեմ, չնայած, որ գնալով լարվում են ադրբեջանաիրանական հարաբերությունները:
  • Իսկ Ադրբեջանում արդեն իսկ բարձրաձայնում են այս տարվա ընթացքում պաշտպանական ոլորտում գրանցված զոհերի մասին: 2012թ. փետրվարի 27-ի դրությամբ ադրբեջանական բանակում մահացել է 9, վիրավորվել 16 զինծառայող: Սակայն, ամենայն հավանականությամբ զոհերի թիվը ոչ թե 9 է, այլ 10, քանի որ ադրբեջանական աղբյուրները նշում են ավտովթարից 3 զոհ, սակայն հունվարի 1-ից մինչ օրս գրանցված ավտովթարից մահերը եղել են 4-ը:
  • Իսկ Ադրբեջանն այս ընթացքում ոչ միայն հայտարարում է իսրայելական զենքի գնման մասին, այլև ադրբեջանցի քաղաքական գործիչները սկսել են համոզմունք հայտնել, որ Իսրայելի հետ ռազմական նմանատիպ պայմանագիրը Ադրբեջանին դարձնում է թիրախ:
  • Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՕՊ և ՀՀՊ համալիրների ձեռք բերման մասին լուրերին`  ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ, եթե այդ լուրերը ճշմարիտ են, ապա ակնհայտորեն դրանք ուղղվելու են Իրանի դեմ:
  • ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ «Իրանի կողմից որոշում չի ընդունվել միջուկային զենք արտադրելու մասին», այն «չի գտնվում միջուկային զենք ստանալու սահմանին», իսկ դա նշանակում է, որ դեռ ժամանակ կա դիվանագիտության համար:
  • Իսրայելի իշխանությունները չեն պատրաստվում ԱՄՆ-ին նախապես զգուշացնել իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրության մասին, ասել է ամերիկյան հետախուզական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը: Սակայն, հայտարարությամբ ԱՄՆ-ն ավելի շատ նպատակ ունի իսրայելաիրանական պատերազմի պատասխանատվությունը վանել իրենից` նշելով, թե դա Իսրայելի անձնական նախաձեռնությունն է:
  • Իսրայելի Կնեսետի քաղաքացիական պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զաիֆ Բիլսկին հայտարարել է, որ եթե պատերազմ սկսվի, ապա չորս իսրայելցուց մեկը չի կարող հասնել մինչև ապաստարան, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը չունեն այն կարողությունը, որպեսզի դիմակայեն հրթիռային հարձակումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *