Օրերս Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները։
Զաքիր Հասանովն անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին, սակայն, եթե հավատանք Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հրապարակմանը, խուսափել է ռազմատենչ հայտարարություններից՝ միայն շեշտելով, որ «բանակցային գործընթացը մտածված երկարաձգվում է, ինչն էլ ազդում է տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Զաքիր Հասանովը փոխարինել էր Սաֆար Աբիևին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում՝ համաձայն Իլհամ Ալիևի ստորագրած հրամանագրի։