Ադրբեջանցի գեներալը դժգոհ է մամուլում զորակոչի խնդիրների լուսաբանումից

Ադրբեջանի մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության պետ, ԶՈւ գեներալ-լեյտենանտ Արզու Ռահիմովը կրկին դժգոհել է լրագրողներից՝ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի մեղավոր որակելով բժիշկներին։

Արզու Ռահիմով

Արզու Ռահիմով

Համաձայն ադրբեջանական լրատվակայքերի հրապարակմանը՝ գեներալը նախ անդրադարձել է իր մասին շրջանառվող բամբասանքներին։ Նա հերքել է, որ «Բենթլի» մակնիշի սեփական ավտոմեքենա ունի։ Նա հերյուրանք է անվանել նաև պտտվող լուրը, որ իր ծննդյան օրը նշել է «Բութա Փալասում»։

Բացառելով, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչի դեպքեր կան՝ գեներալը շեշտել է. «Բոլոր զորակոչիկները ծառայությունից առաջ բուժզննում են անցնում, որը մենք չենք վերահսկում։ Հիվանդ զորակոչիկներին ծառայության ուղարկելու ողջ պատասխանատվությունը բժիշկների ուսերին է»։ Գեներալը խնդրել է լրագրողներին «ստուգել տեղեկությունը հրապարակելուց առաջ»։

Նկատենք, որ Արզու Ռահիմովը պարբերաբար հանդես է գալիս լրագրողներին ուղղված մեղադրանքներով՝ իր հայտարարություններում ընդգծելով՝ «առողջական խնդիրներով տղաները չեն զորակոչվում»։ Վերջին համանման ելույթը գրանցվել էր հունիսի 25-ին, երբ գեներալը պնդում էր՝ « ոչ մի դեպք չի գրանցվել ու ոչ մի փաստ չկա, որ զորակոչվում են այս կամ այն հիվանդությունն ունեցող երիտասարդներ»։

Այնուհանդերձ, պարտադիր զինծառայությունից առաջ իրականացվող բուժզննումը վերահսկում են թե´ ՊՆ-ն, թե´ մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը, ուստի այս հարցում միայն բժիշկների մեղքը չէ։ Բացի այդ, ադրբեջանական մամուլում քիչ չեն հրապարակումները զինծառայողների ծնողների՝ զորակոչի պետական ծառայությանը հղած մեղադրանքների մասին։

Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերի 15-ին զորակոչված և ընթացիկ տարվա մարտին ոչ մարտական պայմաններում զոհված շարքային Ռաշադ Միրզաևի հայրը՝ Վալահադ Միրզաևը, հայտարարել էր լրագրողներին, որ պատասխանատվության է պետք ենթարկել մոբիլիզացիայի և զորակոչի պետծառայության շրջանային ճյուղի ներկայացուցիչ Իլղար Ալիմզաևին։ Միրզաևի հայրը բժշկական ախտորոշման տվյալներով ապացուցում էր, որ մահացած որդին զորակոչվելու պահին արդեն իսկ ուներ սրտի ու թոքերի սուր անբավարարություն, սակայն նրան չազատեցին ծառայությունից՝ պահանջելով 5000 ադրբեջանական մանաթ (շուրջ 6500 ԱՄՆ դոլար)։ Ընտանիքը նման գումար տալու հնարավորություն չուներ։

Այս դեպքը եզակի չէ։ 2013-ին զինծառայող Էլշադ Նովրուզովը զորակոչվել էր թոքերի ծանր հիվանդությամբ, Ամիլ Ալիևը՝ առողջական վատ վիճակով ու մեկ երիկամով, Էհթիյար Նադիրովը՝ ի ծնե լսողության խնդիրներով։

Հավելենք, որ Արզու Յուսիֆ օղլու Ռահիմովը 2012թ-ի փետրվարի 13-ի նախագահի հրամանով նշանակվել է նույն տարում ստեղծված մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պետ, իսկ մինչ այդ՝ 2007-2012-ը, ղեկավարել է պետական միգրացիոն ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *