Այս տարի Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ: ՀՀ-ում ռուսական բազայի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել: Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայող է զոհվել. կա ինը վիրավոր: Սիրիայում Ռուսաստանն արդիականացրել է Ջաբալ ալ Աքրա լեռան ստորոտին տեղակայված ռադարը:
- 2012թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի /ԱԱՀՈՒ/ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները: Փետրվարի 28-ից մարտի 1-ը Երևանում կկայանան զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները:
- Ավտովթարի հետևանքով Ադրբեջանցի սպան մահացել է. ևս երկուսը՝ ծանր վիրավոր են: Մեկ այլ ավտովթարից էլ 7 զինծառայող վիրավորվել է:
- Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի զորքերը «Ալագյազ» ուսումնամարզական համալիրում անցկացրել են մարտավարական վարժանքների ավարտական փուլը: Զորավարժություններում ներգրավվել են մոտ 150 զինծառայող և օգտագործել՝ շուրջ 20 միավոր զինտեխնիկա:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
Սիրիայում` իրավիճակի կայունությանն ուղղված Արևմուտքի հայտարարությունները արդյունք չտվեցին: Անգամ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն էական նշանակություն չունեցավ և այսօր` Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտարարել են, որ «սիրիացիների օրինական ներկայացուցիչ» են ճանաչում` ընդդիմադիր` Սիրիայի ազգային խորհուրդը:
- Իսկ Ռուսաստանն արդիականացրել է Սիրիայի Ջաբալ ալ Աքրա լեռան ստորոտին տեղակայված ռադարը, ինչպես նաև Լիբանանի Սանին լեռան վրա գտնվող սիրիական ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ): Այս քայլը վկայում է, որ ՌԴ-ն շարունակում է աջակցել Սիրիայի իշխանությանը` միաժամանակ միջազգային հանրությանը կոչ անելով քայլեր ձեռնարկել Սիրիայի ընդդիմության գործողությունների դեմ:
- Սիրիական բանակի 30 զինվոր ինքնակամ թողել է ծառայությունը և ապաստան խնդրել Իրաքից` ստանալով փախստականի կարգավիճակ:
- Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մարկ Հերթլինգը պաշտոնապես հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները իրականացնում են Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգի ռադարի կառավարումը:
- Հյուսիս-ատլանտյան դաշինքի հրամանատարությունը որոշում է կայացրել հետ կանչել Աֆղանստանից իր անձնակազմը, որը խորհրդատվական ծառայություններ է իրականացրել երկրի տարբեր նախարարություններում:
- ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել նոր հեռահար ռմբարկու ինքնաթիռի ստեղծման ծրագրի իրականացմանը: Սպասվում է, որ նոր ռմբակոծիչը փոխարինելու է արդեն հնացած B-52 Stratofortress և B-2 Spirit ռմբակոծիչներին:
- Իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Իսրայելն Ադրբեջանին 1.6 միլիարդ դոլարի զինտեխնիկա կտրամադրի, այդ թվում` անօդաչու ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և ժամանակակից զինտեխնիկա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից «իսրայելական» զենքի գնման մի դեպքի Razm.info-ն արդեն իսկ անդրադաձել է` պատմելով, «թե ինչպես ադրբեջանցիները գնեցին ղազախական արտադրության իսրայելական զենքեր»: