Նիգերիայի արմատական իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորման զինյալները դեկտեմբերի 2-ին հարձակվել են Մայդուհուրի քաղաքի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են զինծառայողներ։
Ինչպես հաղորդում է նիգերական The Vanguard թերթը, արմատականները հարձակվել են ավիաբազայի, Մայդուրուհիի միջազգային օդանավակայանի, զորամասի, ինչպես նաև շրջակա բնակելի ու հասարակական կառույցների վրա։
Զոհերի քանակը չի նշվում։ Հայտնի է միայն, որ որպես պատասխան քայլ հակաահաբեկչական գործողություն իրականացնելով՝ Նիգերիայի իշխանությունները ոչնչացրել են 100 զինյալ։
Նշենք, որ «Բոքո Հարամի» հարձակումների պատճառով իշխանությունները քաղաքում շուրջօրյա պարետային ժամ էին սահմանել՝ փակելով օդանավակայանն ու դեպի այն տանող ուղիները։ Համաձայն պաշտոնական վարկածի՝ արմատականների հարձակման հիմնական նպատակը հենց ռազմական նշանակության օբյեկտների խոցելն ու գրավելն էր։
Հավելենք, որ զինյալների հարձակումը, չի բացառվում, արձագանքն է ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին նիգերացի զինվորականների՝ «Բոքո Հարամի» անտառային թաքստոցների ոչնչացմանն ուղղված գործողությանը։
Նիգերիայի կառավարությունը զգուշանում է նաև Նոր տարվա նախաշեմին արմատականների հավանական ահաբեկչական գործողություններից, ուստի սահմանային, հատկապես՝ հյուսիսային հատվածներում ուժեղացրել է հսկողությունը։
«Բոքո Հարամ» արմատական խմբավորման զինյալները փորձում են գրավել երկրի հյուսիսը դեռևս 2009-ից։ Նրանք ցանկանում են այդ տարածքում ստեղծել իսլամական պետություն, որի հիմքում լինելու են շարիաթի կանոնները։ Նրանց ցանկությունն իրագործելուն միտված ահաբեկչությունների և այլ բնույթի գործողությունների պատճառով 2009-ից մինչ օրս զոհվել է ավելի քան հազար մարդ։