Ռուսաստանը փորձարկելու է ԱՄԷ-ի անօդաչու թռչող սարքը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ADCOM Systems ընկերությունը 2014-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարությանը փոխանցելու է Yabhon United 40 Block 5 հարվածային անօդաչու թռչող սարք, սակայն դեռևս միայն փորձարկումներ անցկացնելու համար:

Yabhon United 40 ԱԹՍ

Yabhon United 40 ԱԹՍ

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, ADCOM Systems-ի գլխավոր տնօրեն Ալի ալ Ջահերին հայտարարել է՝ ՌԴ-ին ԱԹՍ-ների տրամադրումն իրականացվելու է փորձարարական նմուշների հնարավոր գնման պայմանագրի շրջանակներում։

Ջահերին չի հստակեցրել տրամադրվող ԱԹՍ-ների քանակը։ Նրա խոսքերով՝ եթե առաջին փորձարկումները հաջող անցնեն, ՌԴ-ին տրամադրվող ԱԹՍ-ների քանակը կավելանա։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ Yabhon United 40 ԱԹՍ-ն առաջին անգամ հանրությանը ցուցադրվել է 2007-ին։ Վերջինիս երկարությունը 11.3 մ է, թևի բացվածքը՝ 17.53 մ, բարձրությունը՝ 4.38 մ։ ԱԹՍ-ն կարող է օդում մնալ մինչև 100 ժամ, 7.94 հազար մ բարձրության վրա, մինչև 200 կմ/ժ արագությամբ։ Yabhon United 40–ն օժտված է համակցված ապերտուրայով ռադիոտեղորոշման սարքով և երկրի մակերևույթի հետ բախմանն ահազանգող համակարգով։

Կախված մոդիֆիկացիայից՝ United 40-ը կարող է թևերի ստորին հատվածում կրել կախիչներ և 6 ամրացման կետերով, ռումբերի համար նախատեսված ակոսներ։ ԱԹՍ-ն ունակ է կրել մինչև մեկ տոննա սպառազինություն։ Այն ունակ է նաև կրել հրթիռներ, փոքր տրամաչափի ավիառումբեր, հիդրոակուստիկ լողաններ ու հիդրոտեղորոշման սարքեր։ Արտահանման համար նախատեսված տարբերակին կցվում է Yabhon Namrod տիպի, «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄԷ-ի ԱԹՍ-ներով հետաքրքրված է Ալժիրը։ Եթե գնման պայմանագիրը ստորագրվի, Ալժիրն այդ սարքերը կիրառելու է զինյալների ու ապօրինի թմրաբիզնեսի դեմ պայքարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *