Իրանաադրբեջանական սահմանին Ադրբեջանի մայոր է սպանվել. կան վիրավորներ

Իրան-Ադրբեջան սահմանին Ադրբեջանի սահմանապահների և Իրանի կողմից սահմանն անցնել փորձողների միջև միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մայոր է մահացել։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն ադրբեջանական կողմի վարկածը։

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Իրանի ու Ադրբեջանի սահմանը

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, միջադեպը եղել է Լենքորանի շրջանի սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում՝ Լերիքի հատվածում, երբ Ադրբեջանի սահմանապահները փորձել են ձերբակալել Իրանի կողմի սահմանախախտներին։

Ըստ նույն աղբյուրի՝ մահացել է Ադրբեջանի 37-ամյա մայոր Մաղսուդ Նագիևը, վիրավոր են 50-ամյա փոխգնդապետ Ազեր Շաֆիևը, 29-ամյա Վյուղար Վահաբովը։ Նրանց դեպքի վայրից տեղափոխել են Լենքորանի շրջանի կենտրոնական հիվանդանոց, այնտեղից էլ մոտ ժամերս տեղափոխելու են Բաքվի հիվանդանոցներից մեկը։

Նկատենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը չի նշում Իրանի կողմի սահմանախախտների ինքնությունը, բացի այդ էլ պարզ չէ՝ Ադրբեջանի սահմանապահները վիրավորվել են վերջիններիս հետ փոխհրաձգության, թե այլ պատճառներով։
Իրանը պաշտոնապես այս պահի դրությամբ չի արձագանքել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները բավականին լարված էին։ Դրանք սրվել էին Ջուղայի սահմանին նոյեմբերի 6-ին գրանցված միջադեպի հետևանքով, ինչն էլ հանդիսացավ պատճառներից մեկը, որպեսզի Իրանը ժամանակավորապես փակի Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունեցող երկու սահմանային անցակետեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *