ԱՄՆ իշխանությունները խոստացել են առաջիկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հատուկ սարքավորումներով օժտված նավ՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար:
Համաձայն կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի՝ առավել վտանգավոր տեսակի քիմիական նյութերը ոչնչացվելու են բաց ծովում հիդրոլիզի մեթոդով: Ներկա դրությամբ ԱՄՆ մասնագետները նավի վրա տեղադրում են պահանջվող սարքավորումները: Ողջ գործընթացը վերահսկելու է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը:
Բացի այդ, կազմակերպությունը հաստատել է ավելի վաղ պտտվող լուրերը, որ Սիրիայի քիմիական պաշարների ոչնչացմանը մասնակցելու համար պատրաստակամություն են հայտնել 35 առևտրային կառույցներ, որոնցից ընտրվելու են մի քանիսը մրցութային կարգով:
Մինչև 2014-ի կեսերը կազմակերպությունը ծրագրել է ոչնչացնել շուրջ Սիրիայի՝ 1300 տոննա թունավոր քիմիական նյութ, որից 800-ի ոչնչացումը վստահվելու է հենց ընտրված առևտրային կազմակերպություններին: Ընդ որում, առևտրային կառույցներին ընդգրկելու որոշումը կայացվեց, երբ մի շարք երկրներ, այդ թվում՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, հրաժարվեցին իրենց տարածքում ոչնչացման աշխատանք կատարելու թույլտվություն տալ:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ ընթացիկ տարվա օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:
Pingback: Սիրիայի քիմիական զենքի դուրսբերման գործընթացը մեկնարկել է | Ռազմ.info