Ադրբեջանը սեփական սպառազինության պաշարների ուռճացված ներկայացնելը բազմիցս կիրառում է քարոզչական նպատակով: Օրերս ադրբեջանական մամուլը լուրեր էր տարածել, որ պատրաստվում են արդիականացնել իրենց «10 միավոր» Սու-24 ռմբակոծիչները:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով սեփական ռազմական աղբյուրներին, տեղեկություն էր տարածել այն մասին, թե Ադրբեջանում քննարկում են խորհրդային արտադրության Սու-24 ռմբակոծիչների արդիականացման հարցը, որն էլ իրականացվելու է տեղի ավիագործարաններից մեկում:
Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած այս հայտարարությունը որոշ կասկածների տեղ է տալիս. դրանք կփորձենք ամփոփ անդրադառնալ այս հոդվածում։
Սու-24-ը խորհրդային արտադրության ռմբակոծիչ է։ Իր ժամանակի համար ունենալով բարձր մարտավարատեխնիկական հատկանիշներ՝ այն միաժամանակ ուներ շահագործման համար չափազանց բարդ ինքնաթիռի համբավ։ Շահագործման բարդությունները հանգեցնում էին այդ թվում ինքնաթիռի վթարայնության բարձր տոկոսի։ Դեռևս 1998-ին ՌԴ ՌՕՈւ հրամանատարի տեղակալ Վիկտոր Կոտը հայտարարել էր, որ ռուսական օդուժի ամենավթարային ինքնաթիռը Սու-24-ն է։ Ինքնաթիռի շահագործումը սկսելուց ի վեր տարեկան գրանցվում էր 5-6 վթար։
Հենց շահագործման բարդության և վթարայնության հակման պատճառով Ռուսաստանը 2012-ի փետրվարին հայտարարեց Սու-24-երի արդիականացման ծրագիրը դադարեցնելու և այդ ինքնաթիռները մինչև 2020-ը սպառազինությունից իսպառ հանելու մասին։ Ավելին, արդեն 2013թ-ի մայիսին ՌԴ ՊՆ՝ ոչնչացման ենթակա սպառազինության ցանկում ամենամեծ թիվը կազմում էին հենց Սու-24-երը (103 միավոր)։
Սու-24-ը՝ խորհրդային զինված ուժերում
2012-ի հոկտեմբերի 30-ին Չելյաբինսկում ինքնաթիռի կառուցվածքի թերացումների հետևանքով գրանցված վթարից հետո նոյեմբերի 1-ին ՌԴ ՌՕՈւ-ն ժամանակավորապես կասեցրել էր Սու-24-երի շահագործումը։
Նշենք, որ 2012-ի փետրվարին Բելառուսի պաշտպանության նախարարը ևս հայտարարել էր Սու-24-երը շահագործումից դուրս բերելու մասին՝ վկայելով՝ դրանք արդեն հնացած են ու սպառել են իրենց թռիչքային ռեսուրսները։
Ադրբեջանում Սու-24-երի իրական քանակն ու վիճակը
Վերադառնալով Ադրբեջանին՝ նկատենք, որ 2006-ին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի՝ զինաթափման, էներգետիկայի ու էկոլոգիայի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի հրապարակած, Եվգենի Ալիևի հեղինակած հոդվածի համաձայն, որում ներառված են Ադրբեջանի պաշտոնական տվյալները՝ Ադրբեջանի ունեցած Սու-24-երի թիվը 1992-ի հոկտեմբերին 4 էր, 1993-ին՝ 9-ը, 1994-ին՝ 7, իսկ 1995-ից մինչ 2006-ը՝ 5։ Նույն տվյալներն են տալիս նաև Լոնդոնում հիմնված ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ ամենամյա The Military Balance զեկույցները։
Այսպիսով՝ ԱՊԱ-ն «կրկնապատկել է» Ադրբեջանի ունեցած Սու-24-երի թիվը՝ հասցնելով դրանք 10-ի։
Այնուհետև, ԱՊԱ-ի փոխանցմամբ Սու-24-երը «վերջին թռիչքը կատարել են 2008-ի հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ»։ Միանշանակ չի կարելի պնդել, թե որքանով է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը: Համենայն դեպս, ադրբեջանական Սու-24-երի ավելի ուշ լուսանկարներ կամ տեսագրություններ հայտնի չեն, ուստի, ամենայն հավանականությամբ, ԱՊԱ-ի այդ տեղեկությունը մոտ է իրականությանը։
Եթե դա այդպես է, ապա մարտական ինքնաթիռների՝ 5 տարի օդ չբարձրանալու համար չեն կարող լուրջ պատճառներ չլինել։ Այդ պատճառները հասկանալու համատեքստում շատ ուշագրավ էր 2012թ-ի հունվարին Russianplanes.net կայքում տեղադրված Նասոսնայա ավիաբազայի մի լուսանկար, որտեղ երևում են Սու-24 ինքնաթիռի 3 պլաներներ։ Այդ ինքնաթիռների արտաքին տեսքը կասկած չի հարուցում, որ դրանք արդեն երկար տարիներ չեն շահագործվում և, որ դրանցից հանված են բոլոր սարքավորումները։
Ընդ որում, ուշագրավ է նաև այն, որ ադրբեջանական Սու-24-երի օդում արված բոլոր նկարներում միշտ միևնույն 2 ինքաթիռներն են։ Այս փաստերը հիմք են տալիս հիմնավոր ենթադրություն անելու, որ Նասոսնիի լուսանկարի 3 ինքնաթիռները դարձել են «կանիբալիզմի» զոհ իրենց մյուս 2 «ցեղակիցների» համար։ Ըստ ամենայնի՝ 1995-ից ի վեր Ադրբեջանն ուղղակի ի վիճակի չի եղել մարտունակ վիճակում պահել միաժամանակ բոլոր 5 ռմբակոծիչները, քանի որ, ինչպես նշեցինք սկզբում, այդ ինքնաթիռները չափազանց բարդ են շահագործման և սպասարկման համար։ Ի հավելումն դրա՝ խորհրդային մասնագետների հեռանալուց հետո Ադրբեջանը նաև կադրային լուրջ խնդիրներ ունի ավիացիայի բնագավառում և այդ խնդիրներն իրենց զգացնել են տալիս նույնիսկ հիմա. հիշենք թեկուզ այն, որ Սու-25 գրոհիչների սպասարկման համար Ադրբեջանը ստիպված էր լինում դիմել վրացի մասնագետների օգնությանը։
Այսպիսով, չկարողանալով բոլոր 5 ինքնաթիռները պահել մարտունակ վիճակում, Ադրբեջանը պահել է միայն 2-ը, իսկ մյուս 3-ը ծառայել են որպես պահեստամասերի ու հանգույցների դոնորներ թռչող 2 ինքնաթիռների համար։
Սակայն, ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում այդ 2 ինքնաթիռը ևս պիտի սպառեին իրենց բոլոր ռեսուրսները, ինչով էլ թերևս բացատրվում է 5 տարի շարունակ թռիչքներ չկատարելը։
Այսպիսով, ստացվում է, որ արդիականացման ենթակա են ոչ թե 10, ինչպես հայտարարում է ԱՊԱ-ն, այլ միայն 2 ինքնաթիռ։ Ընդ որում, «արդիականացում» բառն էլ այստեղ չափազանցություն է, և խոսքն ըստ էության վերջին 2 ռմբակոծիչների նորոգման ու շարք վերադարձման մասին է։ Ուղղակի ադրբեջանցի քարոզիչները որոշել են այս առիթն օգտագործել Ադրբեջանի ռազմական արդյունաբերության հնարավորությունների մասին տպավորություն թողնելու համար։
Գործ ունենք ադրբեջանական մամուլի հերթական քարոզչական քայլի հետ, երբ խիստ ուռճացված են ներկայացվում առկա սպառազինության քանակը և «սեփական աղբյուրներին» հղում տալով՝ լուրեր տարածվում այս կամ այն տեսակի սպառազինության արդիականացման մասին՝ նպատակ ունենալով ներքին լսարանի մոտ սերմանել պետության ու զինված ուժերի անպարտելիության, ամենաարդի ռազմատեխնիկայի առկայության, իսկ հակառակորդի լսարանի շարքերում՝ ընկճվածության ու վախի զգացումներ։