Բանգկոկում հակակառավարական ցույցի մասնակիցները ներխուժել են զինված ուժերի շտաբի շենք։ Միևնույն ժամանակ ցուցարարների մի մասն էլ շրջափակել է Թաիլանդի իշխող կուսակցության գրասենյակը։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, զինված ուժերի շտաբի վրա հարձակումը կայացել է երկրում հակառավարական ալիքի բարձրացման շրջանակներում։ Մարդիկ շտաբի մոտ կանգնած վանկարկել են. «Մենք ուզում ենք իմանալ՝ ում կողմից է մեր բանակը»։
Նշենք, որ նոյեմբերի 28-ին Թաիլանդի խորհրդարանը քննարկել է վարչապետ Իյինգլաք Չինավաթին անվստահության քվե ներկայացնելու հարցը, սակայն քվեարկողների մեծ մասը սատարել է վարչապետին։
Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 27-ին ցուցարարները շրջափակել էին Թաիլանդի հատուկ ծառայությունների գրասենյակը։ Աշխատակիցները հարկադրված էին եղել տարհանվել։ Ավելի վաղ կառավարությունից բարեփոխումներ պահանջող զանգվածը ցույց էր կազմակերպել ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, գյուղատնտեսության, տրանսպորտի, սպորտի, ֆինանսների նախարարությունների շենքերի առջև։
Հավելենք, որ ընդհանուր առմամբ հակառավարական ալիքը բարձրացել է նոյեմբերի 23-ից։ Ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը՝ վկայելով, որ իրականում երկիրը ղեկավարում է վերջինիս եղբայրը՝ Թաքսին Չինավաթը, իսկ վարչապետը դրածո է։ Ընդդիմադիր ուժերի գործողություններն ուղղորդում է Դեմոկրատական կուսակցությունից Թաիլանդի խորհրդարանի նախկին անդամ, նախկին վարչապետ Սութհեփ Թհաուգսուբանը։ Նա կոչ է անում ցուցարարներին գերնպատակ դիտարկել բոլոր գերատեսչությունների աշխատանքի կասեցումը մինչև նոր կառավարության ձևավորումը։
Նկատենք, որ ոստիկանությունը Թհաուգսուբանի ձերբակալության թույլտվություն ունի, սակայն անհայտ պատճառներով դեռևս չի ձերբակալել նրան։