ԱՄՆ-ն զգուշանում է Սիրիայում ռազմական գործողություններից: Թուրքիան ընդգրկվել է պատերազմող երկրների շարքում. օրվա ամփոփում

ԱՄՆ զորքերի ներխուժումը Սիրիա բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, քանի որ այնտեղ առկա են քիմիական լաբորատորիաներ, որոնք հետագայում պահպանելու համար բավական մեծ զորաքանակ պետք կլինի: Ինչ վերաբերում է Իրանին` ԱՄՆ-ն և Իսրայելը «տնտեսական պատժամիջոցների անարդյունավետության դեպքում» ծրագրել են հետագա անելիքները:

  • Հայ ռազմական փորձագետներն անդրադարձել են ադրբեջանցի դիպուկահարների կողմից հայ զինվորի սպանությանը` նշելով, որ կատարվածի պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
  • Փետրվարի 21-23-ը Երևանում անցկացվել են «զանգվածային ոչնչացման զենքի փոխադրումը հայտնաբերելու և կանխարգելելու» հայ-վրացական շտաբային-հրամանատարական վարժանքներ:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

Իրանի շուրջ զարգացումները շարունակվում են: Մի կողմից Իրայելն ու Իրանը շարունակում են սպառնալ միմյանց, մյուս կողմից ամերիկացիները հայտարարում են, թե Իրանը միջուկային զենք ստեղծելու աշխատանքները դադարեցրել է դեռևս 2003թ., սակայն կուտակում է գիտելիքներ` զենք ունենալու համար:

  • Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին ասել է. «Իսրայելը պետք է գիտակցի, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն իր լիակատար ոչնչացմանն է հանգեցնելու»:
  • Ամերիկյան տարանցիկ փոխադրումներ իրականացնող ռազմակայանը` «Մանաս»-ը, չի օգտագործվի Իրանի վրա հավանական հարձակում գործելու դեպքում: Այդ մասին իր twitter-ում գրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը: Իսկ գրառման համար հիմք է եղել ՌԴ ԱԳՆ մտահոգությունը, թե Ղըրղըզստանում տեղակայված «Մանասը» կարող է օգտագործել Իրանի դեմ` խախտելով ամերիկա ղըրղըսական պայմանագիրը:
  • 16 ամերիկյան հետախուզական ծառայություններ համատեղ զեկույցում են ներկայացրել, որտեղ նշվում է, որ Իրանը մշակումներ չի իրականացնում միջուկային զենք ստեղծելու համար: Սակայն, Թեհրանը մտադիր է հասնել գիտելիքների այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նրան անհրաժեշտության դեպքում ստեղծել միջուկային ռումբ: Զեկույցը կազմողները նաև նշում են, որ Իսրայելը համաձայն է դրա հիմնական դրույթների և հետևությունների հետ:
  • Իսրայելում ԱՄՆ դեսպան Դանիել Շապիրոն հայտարարել է, որ ԱՄՆ և Իսրայելի իշխանությունները համաձայնեցրել են Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների տարբերակները, եթե իսլամական պետության նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները բավարար չլինեն:
  • ԱՄՆ ԶՈՒ-ի կենտրոնական հրամանատարությունն այն կարծիքին է, որ եթե Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմը պատահաբար տապալվի և երկրում զանգվածային անկարգություններ ու զինված բախումներ սկսվեն, ապա Սիրիայի քիմիական զենքի պահպանությունը շատ դժվար իրականացվող խնդիր կդառնա: Այս հանգամանքը հիմք ընդունելով Պենտագոնը և ԱՄՆ ղեկավարությունը քննարկում են Սիրիայում խնդրի խաղաղ կարգավորման ուղիները:
  • ԳԴՀ ԶՈՒ-ը աֆղանցի ցուցարարների բողոքի ակցիայից հետո որոշել են փակել Աֆղանստանի Թահրիր նահանգում գտնվող ռազմաբազան: Սակայն զորքերը դուրս չեն բերվել, այլ զինծառայողները տեղափոխվել են Կունդուզի բազա, որը գտնվում է 70 կմ հարավ-արևմուտք: Անկարգությունները սկիզբ էին առել ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից Ղուրանն այրելու հետևանքով:
  • Գերմանիայի Հեյդելբերգի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից ներկայացված նոր զեկույցում Թուրքիան համարվել է պատերազմի մեջ գտնվող երկիր. պատերազմող երկրորդ կողմ է համարվում PKK-ն:
  • Հորդանանը մտադիր է ՀՀՊ Patriot 4 համակարգեր տեղակայել` Սիրիայի հավանական օդային հարձակումից իրեն և Իսրայելին պաշտպանելու համար: ՀՀՊ համակարգերը Հորդանան կառաքվեն Գերմանիայից՝ ԱՄՆ աջակցությամբ: Մեծ Բրիտանիան էլ մտադիր է Հարավային Կորեայից ոչ թե ստանալ, այլ չորս տանկեր գնել: Տանկերների գնման ընդհանուր գումարը կկազմի 709 մլն դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *