Ռուսական «Սկորպիոն» զրահամեքենաների ընտանիքի 3 տարբերակներ անցել են պետական փորձարկումների փուլն ու երաշխավորվել են սպառազինության ընդունվելու համար։
Նոյեմբերի 1-20-ը տևած պետական փորձարկումների ժամանակ փորձարկվել են «Սկորպիոն-ԼՇԱ-1» («փափուկ» ծածկով), «Սկորպիոն-ԼՇԱ-2» (մետաղական թափքով) ու «Սկորպիոն-ԼՇԱ-2Բ» (զրահապատ) մեքենաները, որոնք նախագծվել են ռուսական «Զաշիտա» ընկերության կողմից։
Փորձարկումների արդյունքում մեքենաների մարտավարատեխնիկական ու շահագործման բնութագրերը համապատասխանել են պահանջներին, իսկ հակաականային ու հակահրդեհային տվյալները գերազանցել են պահանջվող չափանիշները։ Նշված արդյունքների հիման վրա փորձարկումների քննող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն ու երաշխավորել է մեքենաները ՌԴ ԶՈւ սպառազինության ընդունելու, ինչպես նաև սերիական արտադրության համար։
Հիշեցնենք, որ վերջերս զորային փորձարկումներ իրականացնելու համար ՌԴ ՊՆ-ն գնել է « «Սկորպիոն-2Մ» զրահամեքենաների փորձնական խմբաքանակ։ Դրանց փորձարկումները կիրականացվեն 2014-ի ընթացքում։
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանից «Սկորպիոն» մեքենաների մի քանի միավոր գնել է նաև Ադրբեջանը։ Այս մասին հայտնի է դարձել հուլիսին, սակայն գնումն իրականացվել է 2012-ին։
«Սկորպիոն» հատուկ մեքենան նախատեսված է անձնակազմի ու բեռների տեղափոխման, քարշակման, հետախուզական ու այլ գործողությունների իրականացման համար։ Մեքենայի վրա կարող է տեղադրվել սպառազինություն։ Մեքենան ունի 4×4 ընթացամաս՝ անհատական կախոցներով։ Մեքենան պաշտպանված է մինչև 600 գրամ տրոտիլային պայթյունից։
Մեքենայի անձնակազմը 2 հոգի է, կարող է տեղափոխել 6 դեսանտային։ Զանգվածը շուրջ 4 տոննա է, կարող է տեղափոխել 600-1100 կգ բեռ։ Շարժիչի հզորությունը 166 ձիաուժ է, որի միջոցով մեքենան կարողանում է զարգացնել մինչև 130 կմ/ժ արագություն։