102-րդ ռազմաբազայի անձնակազմի փոխարինման համար 2000 զինծառայող է ժամանել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայությունն ավարտած զինծառայողներն արդեն մեկնում են Վոլգոգրադ և Բուդենովսկ  քաղաքներ, որտեղից էլ կզորացրվեն։ Այս պահի դրությամբ Հայաստանից մեկնել է 1600 զինծառայող, իսկ նրանց փոխարեն եկել են մոտ 2000 շարքային և սերժանտ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Ժամանած նորակոչիկները ծանոթանում են ռազմաբազայի առօրյային, փորձառու սպաները ստուգում են նրանց գիտելիքների մակարդակը։

Նշենք, որ ավելի վաղ Ռազմինֆոն տեղեկացրել էր, որ ռազմաբազայում արդեն սկսվել է անձնակազմի փոխարինում։

Ռազմինֆոյի հետ զրույցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանը նշել էր, որ զինծառայողների առաջին խումբն արդեն եկել է, մյուսները կգան ամսվա ընթացքում։

Նրանց թվում են ինչպես շարքայիններ, այնպես էլ սերժանտներ, ովքեր Ռուսաստանի ուսումնական զորամասերում ստացել են դիպուկահարի, նռնականետորդի, հետախույզի, մեխանիկ-վարորդի,  նշանառու-օպերատորի պատրաստություն։

Նոր ժամանածները 15 օրով ազատվում են ֆիզիկական մեծ լարվածություն ենթադրող գործողություններից, որպեսզի հնարավորություն ունենան վարժվել կլիմայի փոփոխությանը։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ 2044 թվականը։

Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *