ԱՄՆ-ում նոր Scorpion ինքնաթիռի վերգետնյա փորձարկումներ են ընթանալու

Ամերիկյան Textron ընկերությունը հայտարարել է նոր հարվածային Scorpion ինքնաթիռների՝ թռիչքուղու վրա վերգետնյա փորձարկումների մասին, որոնց հաջորդելու են առաջիկայում կայանալիք առաջին թռիչքն ու թռիչքային փորձարկումները։

հարվածային Scorpion ինքնաթիռ

հարվածային Scorpion ինքնաթիռ

Ըստ Textron ընկերության ներկայացուցիչների՝ առաջին թռիչքը հավանաբար կկայանա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ ՌՕՈւ ՄըքՔոնել ավիաբազայում։

Նշենք, որ Scorpion-ի կմախքի կենտրոնական հատվածում տեղադրված է մեկուսախուց տարբեր տեսակի, այդ թվում հետախուզական սարքավորումների համար։ Այն ունի 2 շարժիչ, թռիչքային զանգվածը կազմում է 9638 կգ։ Ինքնաթիռը կարող է բարձրանալ մինչև 13 716 մ, առավելագույն արագությունը՝ 900 կմ/ժ, թևի բացվածքը՝ 14.4 մ, ունի պիլոններ կառավարվող ու չկառավարվող հրթիռների համար։

Արտադրական ծախսերը նվազագույնի են հասցվել Cessna ընկերության ինքնաթիռների արտադրության համար նախատեսված սարքավորումների կիրառման շնորհիվ։

Scorpion նախագիծը նախատեսված է հիմնականում մարտի դաշտում ցամաքային զորքերին աջակցելու համար։ Այն հնարավոր է օգտագործել որպես հետախուզական ինքնաթիռ։

Նկատենք, որ Textron-ը չի հիշատակում ինքնաթիռի արժեքը, սակայն հայտնի է՝ այն բավականին ցածր է լինելու մյուս ինքնաթիռներից, որպեսզի նյութական լայն հնարավորություններ չունեցող երկրներում կարողանան դրանցով փոխարինել հնացած խորհրդային ու ամերիկյան կործանիչները։

Scorpion նախագծի իրականացումը մեկնարկել է դեռևս 2012-ին։ Ներկա դրությամբ ինքնաթիռի նախատիպի փորձարկումներն են ընթանում, ստուգվում են շարժիչների ու հանգույցների աշխատանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *