ԱՄՆ-ն «Բոինգից» ստացել է 257 հատ` «Սուպեր Հորնետ» և «Գրոուլեր»

«Բոինգ» ընկերությունը  հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերին(ՌԾՈՒ) 257 հատ` F/A-18E/F «Սուպեր Հորնետ» և ռադիոէլեկտրոնային պայքարի E/A-18G «Գրոուլեր» մարտական ինքնաթիռների մատակարարման ավարտի մասին: 257 ինքնաթիռ մատակարարելու պայմանն ամրագրվում էր ԱՄՆ ՌԾՈՒ-ի և «Բոինգի» միջև կնքված երկրորդ պայմանագրով:

Ինքնաթռիները ՌԾՈՒ են մատակարարվել 2007-2011թթ` «Բոինգի» հետ 2003թ. դեկտեմբերին կնքած երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում:

Առաջին սերիական «Սուպեր Հորնետ»-ը հանձնվել է ՌԾՈՒ-ին 1998թ.-ին: 1999թ. հայտարարության համաձայն` մինչև 2014թ. ծրագրվում էր ձեռք բերել 548 հատ F/A-18E/F:

2000-2004թթ կնքած առաջին պայմանագրի համաձայն` «Բոինգը» ԱՄՆ ՌԾՈՒ-ին է հանձնել 210 հատ «Սուպեր Հորնետ» ինքնաթիռ: 2003թ. կքնվել է երկրորդ պայմանագիրը, ըստ որի, մինչև 2010թ. պետք է հանձնվեր ևս 210 F/A-18E/F և EA-18G: Իսկ 2009թ. երկրորդ պայմանագրով հաստատված ինքնաթիռների թիվը ավելացվեց ևս 47-ով` հասցնելով 257-ի, որի պահանջն էլ այժմ «Բոինգը» կատարել է:

2010թ. ԱՄՆ ՌԾՈՒ-ը «Բոինգի» հետ կնքեցին երրորդ պայմանագիրը` 66 հատ F/A-18E/F և 58 հատ EA-18G գնելու համար, որոնք կմատակարարվեն մինչև 2013թ.-ը:

Երկարաժամկետ պայմանագրերը ապահովում են արտադրության կայունությունը և հնարավորություն տալիս կրճատել պատվերի գինը: Այս պարագայում ՌԾՈՒ-ը խնայել են 1,7 մլրդ դոլար:

Երրորդ պայմանագիրը հնարավորություն կտա խնայել ավելի քան 600 մլն դոլար` ընդհանուր խնայողությունը հասցնելով 2,3 մլրդ դոլարի:

F/A-18E/F «Սուպեր Հորնետը» նախատեսված է մի շարք առաջադրանքների կատարման համար, այդ թվում ` գերազանցություն օդում, ղեկավարվող զենքի օգտագործմամբ` ցամաքային նշանակետերի ոչնչացում օրվա ցանկացած ժամին, ուղեկցման գործողություններ, հետախուզության իրականացում, ավիացիոն օգնության ցուցաբերում, հակառակորդի ՀՕՊ ճնշում և այլն: Ընդհանուր առմամբ «Բոինգը» ԱՄՆ ՌԾՈՒ-ին է հանձնել ավելի քան 480 հատ F/A-18E/F:

Ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G  ինքնաթիռը ստեղծվել է F/A-18F «Սուպեր Հորնետի» երկտեղանոց տարբերակի հիմքով` հատուկ ԱՄՆ ՌԾՈՒ-ի ավիակիր խմբավորման համար: Հենց այդ տիպի ինքնաթիռներ էին օգտագործվում Լիբիայի հակաօդային պաշտպանությունը չեզոքացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *