ՀՀ սեփականություն հանդիսացող օդանավակայանը համատեղ ենք օգտագործելու. Սեյրան Օհանյան

Ռուսաստանյան 102-րդ ռազմաբազային տրամադրված հողատարածքների ավելացում չի լինելու։ Պարզապես նոր օդուժի ստորաբաժանում է ստեղծվելու և դրա համար Էրեբունու տարածքին կից մենք մեր զինված ուժերի հողատարածքներից տրամադրելու ենք 102-րդ ռազմաբազային։ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող օդանավակայանը համատեղ ենք օգտագործելու։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հարավարևմտյան առաջնագծում հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան 2010 թվականին իմ և ՌԴ պաշտպանության նախարարի ստորագրած համաաձայնագրի նպատակներն ու խնդիրներն է իրականացնում ՀՀ ԶՈւ համապատասխան կառույցների հետ։ Հիմնականում արևմտյան հարևանների կողմից անվտանգության ապահովման խնդիրներ է իրականացնում։ Գիտեք, որ արևելյան կողմի հակառակորդի հետ մեր այսօրվա զինված ուժերի կազմով մեր անվտանգությունն ու պաշտպանությունն իրականացնելու խնդիր չունենք, ավելին, կարող ենք կանխարգելիչ խնդիրներ իրականացնել»,- ներկայացրեց նախարարը։

Նախարարը հավելեց նաև, որ ռազմաբազան վերջին տարիներին մի քանի անգամ ձևափոխվել է, օպտիմալացվել և այսօր հասել այն վերջնական տարբերակին, որ կարող է և´ մշտական կազմով խնդիրներ իրականացնել, և´ նաև անհրաժեշտության դեպքում՝ պատերազմական գործողության ժամանակ, օպերատիվ ծավալում իրականացնել նյութատեխնիկական ապահովմամբ և անձնակազմի համալրմամբ։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրատվամիջոցներն այցելեցին հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամաս և մարտական դիրքեր։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով՝ 2044 թվականը։

Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Կարդացեք նաև՝

Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ է տրամադրելու. Օհանյան

Զորակոչը կլինի վիճակահանությամբ. ՊՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *