Մկրտության արարողություն՝ ՊԲ զինծառայողների համար

Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության ներքո գտնվող զորամասերից մեկում, զորամասի հոգևոր սպասավոր Գարիկ սարկավագ Ասրյանի նախաձեռնությամբ և հրամանատարության աջակցությամբ, մեկնարկել են զորամասի չմկրտված զինծառայողների մկրտության արարողություններ:

ՊԲ զորամասի զինծառայողների մկրտություն

ՊԲ զորամասի զինծառայողների մկրտություն

 

Նախաձեռնությունը նպատակ ունի Մկրտության սրբազան արարողությամբ հաստատագրել զինվորյալ հայորդիների լիարժեք անդամակցությունը Մայր Եկեղեցուն, ամրագրել նրանց հոգիների և գիտակցության մեջ ազգային-եկեղեցական հոգևոր արժեքները` մասնավորապես առավել զորացնելով եղբայրասիրությունը, ներողամտությունը, միասնականությունը և այլն:

Հաշվի առնելով մկրտվել ցանկացող զինծառայողների մեծ քանակությունը` նրանք բաժանվել են տասնհինգ հոգուց բաղկացած խմբերի, որոնց հետ զորամասի հոգևոր սպասավորը համապատասխան նախապատրաստական աշխատանքներ է տանում` ծանոթացնելով Մկրտության խորհրդի էությանն ու կարևորությանը և յուրաքանչյուրի անհատական պատրաստվածությունից հետո միայն երաշխավորում մկրտության: Մկրտվել ցանկացողներն իրենց զինակից ընկերներից ընտրում են կնքահայրեր, որոնց հետ նույնպես հոգևոր սպասավորի կողմից տարվում են անհատական աշխատանքներ` ծանոթացնելով կնքահոր դերին, պարտականություններին և պատասխանատվության աստիճանին:

 

ՊԲ զինծառայողների մկրտություն

Այս նախաձեռնության շրջանակներում Մկրտության անդրանիկ արարողությունը կատարվեց ապրիլի 14-ին` Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցում` ձեռամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և մասնակցությամբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Անդրեաս քահանա Թավադյանի: Անդրանիկ մկրտվողները եղան զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը (ում կնքահոր պարտականությունները ստանձնեց զորամասի հոգևոր սպասավորը) և տասնչորս զինվորներ: Մկրտությամբ հոգևոր ծնունդ ստացած հայրենյաց պաշտպանների` Մյուռոնից հանման կարգը կատարվեց երեք օր անց` զորամասի մատուռում։

Մայիսի 5-ին տեղի ունեցավ զինվորյալ հայորդիների երկրորդ խմբի Մկրտությունը` ձեռամբ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և մասնակցությամբ փոխառաջնորդ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի: Կրկին Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում ևս տասնհինգ զինվորներ Մկրտության ավազանից վերստին ծնվելով և սրբալույս Մյուռոնով դրոշմվելով` դարձան ի Քրիստոս եղբայրներ և զինվորագրվեցին Հայ Առաքելական Եկեղեցուն, փոխանցում է ՀՀ ԶՈւ հոևգոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *