«Բոինգ»-ը Little Bird թեթև հարվածային ուղղաթիռների տրամադրման պայմանագիր է կնքել

Ամերիկյան ավիաշինական «Բոինգ» (Boeing) կոնցերնը կնքել է առաջին պայմանագիրը AH-6i Little Bird թեթև հարվածային ուղղաթիռների տրամադրման վերաբերյալ։ Պատվիրատուն անհայտ է։ Համաձայնագրի շնորհիվ կոնցերնը կարողանալու է AH-6i արտադրական գիծ հիմնել։

AH-6i Little Bird թեթև հարվածային ուղղաթիռ

AH-6i Little Bird թեթև հարվածային ուղղաթիռ

Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, հայտարարությունն արվել է Dubai  2013  ավիացուցահանդեսի ժամանակ պայմանագրի կետերի մասին մանրամասներ դեռ չկան։

Նկատենք, որ AH-6i-երն ԱՄՆ ԶՈւ-ի համար արտադրվող AH-6S ուղղաթիռների՝ արտահանման համար նախատեսված տարբերակն են։ Ուստի ենթադրելի է, որ այս ուղղաթիռի գնորդն ԱՄՆ ԶՈւ-ն չէ, այլ արտասահմանյան պատվիրատու է։

Մինչ օրս ամերիկյան թեթև հարվածային ուղղաթիռների միակ պատվիրատուն Սաուդյան Արաբիան էր։ Դեռևս 2010-ին վերջինս 36 միավոր AH-6i ուղղաթիռների գնման հայտ էր ներկայացրել ավելի քան 60 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինության ձեռքբերման լայնամասշտաբ ծրագրի շրջանակներում։ 2013-ի հունվարին բանակցություններ էին ընթանում պայմանագրի կնքման համար, սակայն որոշման վերաբերյալ ոչինչ չի հաղորդվել։

Նշենք, որ բացի Սաուդյան Արաբիայից, AH-6i ուղղաթիռներով հետաքրքրվում էր նաև Հորդանանը։ 2010-ին Հորդանանի ՊՆ-ն հայտարարել է՝ մտադիր են գնել 18 միավոր ամերիկյան հարվածային ուղղաթիռ, նաև օպցիոն կնքել ևս 6-ի տրամադրման համար։ Նոր ուղղաթիռները պետք է որ փոխարինեին հնացած AH-1 Cobra-ներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հորդանանին անհայտ պատճառներով այդպես էլ չէին տրամադրվել նոր ուղղաթիռները։

AH-6i ուղղաթիռն ունակ է բացել մինչև 282 կմ/ժ արագություն՝ թռիչքներ կատարելով մինչև 430 կմ հեռավորության վրա։ Այն կարող է կրել 30 մմ տրամաչափի թնդանոթ կամ էլ երկու 12.7 տրամաչափի կամ էլ երկու 7.62 տրամաչափի գնդացիր։ Բացի այդ, արտաքին պիլոնների վրա հնարավոր է տեղադրել կառավարվող ու չկառավարվող «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *