Ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով նոյեմբերի 26-ին Դամասկոսին կից քաղաքներից մեկում մահացել է 15 հոգի, ավելի քան 30-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ավտոմեքենայի ղեկին մահապարտ ահաբեկիչ էր:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, երկրի հարավ-արևմուտքում տեղակայված Սումարիա քաղաքում պայթյունի պատճառով զոհվածների շարքում են 6 զինծառայողներ, 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա:
Նշենք՝ Սումարիան հայտնի է նրանով, որ այստեղ են բնակվում Սիրիայի ԶՈւ էլիտար զորամասերի զինծառայողներն իրենց ընտանիքներով: Դեռևս Հաֆեզ Ասադի օրոք Սումարիայում հատուկ թաղամասեր էին կառուցել զինծառայողների համար:
Այս պահի դրությամբ պայթյունի պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել, սակայն միջադեպի ձեռագիրը հիշեցնում է Սիրիայի ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին:
Հիշեցնենք, որ Դամասկոսում նոյեմբերի 17-ին կառավարական նստավայրի մոտ պայթյունի հետևանքով մահացել էր 31 հոգի։ Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զինվորականներ էին, իսկ չորսը՝ գեներալներ։
Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։