Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրված Ստեփանավանի օդանավակայանը առաջիկայում կհամալրվի ՀԱՊԿ անդամ երկրների տեխնիկայով։ Նոյեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Այս մասին գրում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության տեղեկության՝ տեխնիկայի օգնությամբ հնարավոր կլինի արագ կանխել հանրապետության տարածքում հնարավոր աղետները:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ միայն տեխնիկան են տրամադրելու ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ սպասարկումն իրականացնելու է նախարարության անձնակազմը»,-նշել է Երիցյանը՝ հավելելով, որ նաև օդաչուները կլինեն դրսից:
Երիցյանը հավելել է նաև, որ օդանավակայանը համալրվելու է ծանր ուղղաթիռներով, որոնք օգտակար կլինեն հատկապես անտառային հրդեհների ժամանակ: «Դրանք շատ թանկ հաճույք են, և մեզ համար շատ օգտակար է նման տեխնիկա ունենալ հանրապետության տարածքում»,- ներկայացրել է Երիցյանը:
Լսումների ժամանակ քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը և անհրաժեշտ քայլերը: