Վիկրամադիտիա ավիակիրն ուղևորվում է Հնդկաստան

Ռուսական արտադրության Վիկրամադիտիա ավիակիրը նոյեմբերի 26-ին դուրս է եկել «Սևմաշ» գործարանի նավաշինարանից և ուղևորվել դեպի Հնդկաստան։ Նավի հրամանատարն այժմ Հնդկաստանի ռազմածովային ուժերի առաջին կարգի կապիտան (ցամաքային զորքերում և ավիացիայում համարժեք է գնդապետի կոչմանը) Սուրաջ Բերրին է։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Նավը կքարշակեն նեղուցով, որից հետո վերալիցքավորման համար կկանգնեցվի Սպիտակ ծովում։ Հաջորդ կանգառը դարձյալ վերալիցքավորվելու համար լինելու է Մուրմանսկում։  Միայն դրանից հետո Վիկրամադիտիա նավը տանկերի (լցանավ) և ֆրեգատի ուղեկցությամբ կլքի ռուսական ջրերն ու կճանապարհվի Հնդկաստան։

Այս պահին նավում աշխատում է «Սևմաշ» ձեռնարկության 180 աշխատակից, որոնք նավարկության ընթացքում ապահովելու են նավի աշխատանքը, ինչպես նաև շտկելու են առաջացած թերությունները։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ այն հետաձգվել էր։

«Վիկրամադիտիան» «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակն է։ Թեթև ավիակիր նավ է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռ և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռներ տեղափոխելու համար։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից իրեն չի արդարացրել ու տարվել է վերանորոգման։

Ամիսներ առաջ ռուսական աղբյուրները հավաստիացնում էին, որ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։
Հետաքրքիր է, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2.3 մլրդ ամերիկյան դոլար։

Ներկայացնում ենք նաև, թե ինչպես է նավի տախտակամածից գիշերային թռիչք կատարկում ՄիԳ-29 ԿՈՒԲ կործանիչը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *