Ֆիլադելֆիայում արգելվել է հրազենի եռաչափ «տպագրությունը»

Ֆիլադելֆիան դարձել է առաջին ամերիկյան քաղաքը, որի իշխանություններն արգելել են հրազենի եռաչափ «տպագրությունը»։ Սակայն արգելքը կանխիչ բնույթի է. տեղեկություններ չկան՝ քանի նման տպագրություն է եղել ու քանիսն են տարածվել։

«Տպագրության» արդյունքում ստացված ատրճանակ

«Տպագրության» արդյունքում ստացված ատրճանակ

Նշենք, որ տպագրված հրազենի թեման ԱՄՆ-ում առաջին անգամ է բարձրանում։ 2013-ի մայիսին ԱՄՆ-ից զենքի էնտուզիաստ Կոդի Ուիլսոնը ստեղծել է ու եռաչափ տպիչով տպագրել մեկ փամփուշտ ունեցող ատրճանակ։ Այն 16 բաղադրիչներից է բաղկացած, որոնցից մետաղական է միայն զարկանը։ Այնուհետև հեղինակը համացանցում է տեղադրել հրազենի եռաչափ պատկերը, որը ստացել է The Liberator անվանումը։ Առաջին 2 ժամվա ընթացքում գծագրերը ներբեռնել են ավելի քան 100 հազար անգամ։

2013-ի մայիսի կեսերին ԱՄՆ պետքարտուղարության՝ պաշտպանական առևտրի վերահսկողության վարչությունը պահանջել է Ուիլսոնից անհապաղ հեռացնել համացանցից հրազենի թվային մոդելը։ Մոդելը հեռացվում է, սակայն գծագրերը մինչ օրս հասանելի են ներբեռնման համար։ 2013-ի հուլիսին ThreeD Ukulele մականունով կանադացին The Liberator–ի հիմքի վրա ստեղծում է The Grizzly ակոսավոր հրացանը։

Նկատենք, որ տպագրվող հրազենի խնդիրն անհանգստացնում է ԱՄՆ իշխանություններին, քանի որ հակասում է 1988-ին ընդունված «Չհայտնաբերվող հրազենի մասին» արձանագրությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ում կարծում են՝ համեմատաբար հեշտ ստեղծվող ու մատչելի զենքերը կարող են հանգեցնել հանցավորության մակարդակի բարձրացմանը։
2013-ի նոյեմբերի սկզբին ամերիկյան Solid Concepts ընկերությունն առաջին անգամ M1911 ռազմական ատրճանակի գործող մոդելն է «տպագրել»։ «Տպագրությունն» իրականացվել է ուղիղ մետաղային լազերային խտացման շնորհիվ չժանգոտվող մետաղից։ Տպագրված հրազենի փորձարկումները հաջող արդյունքներ են գրանցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *