Նոյեմբերի 16-ին Կալիֆորնիայի ափերին պլանային վարժանքների դուրս եկած հածանավի կողային հատվածին անօդաչու թռչող սարք էր բախվել։ Պատահարի ժամանակ նավում եղել է շուրջ 300 հոգի, 2 նավաստի այրվածք է ստացել։ Ինչպես հետո հայտնի է դարձել՝ ԱԹՍ-ն պատկանել է ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Այս մասին հայտնում է Los Angeles Times պարբերականը։
Չափերով բավական մեծ (4 մ երկարությամբ և 1.5 մ թևերի բացվածքով) BQM-74 անօդաչու թռչող սարքն արձակվել էր ռազմածովային Փոյնթ-Մագ բազայից։ Թռիչքի ժամանակ այն դուրս է եկել նախանշված ուղղությունից և բախվել հածանավին։ Պարբերականը նշում է նաև, որ ԱԹՍ-ն ղեկավարվում էր հենց այդ ռազմաբազայից։
Հավելենք, որ միջադեպից հետո նավը շարժվել է դեպի ԱՄՆ ՌԾՈւ Սան Դիեգո բազա, որտեղ մասնագետները փորձում են հայտնաբերել միջադեպի պատճառները։
Այս դեպքը լայնորեն քննարկվում է նաև բլոգային հարթակներում։ Ըստ prokhor-tebin.livejournal-ի վերլուծության՝ առանց պաշտոնական որևէ հաղորդագրություն ունենալու, նա նշում է, որ վարժանքների ժամանակ որոշված չի եղել օգտագործել հակաօդային պաշտպանության միջոցներ։
Տեբինը մասնավորապես գրում է. «Երբ չնախատեսված պատահարը եղել է, զենիթահրետանային համակարգից կրակելու համար արդեն ուշ էր, իսկ ԶՀՀ-ն ձեռքից ավտոմատ ռեժիմի փոխանցել չեն հասցրել»։
Տեղեկացնենք, որ վերջին շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների խախտման մասին բողոքներ են շրջանառվում ամերիկյան մամուլում։ 2013 թվականին մարտին Նյու Յորքի Քենեդի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդաչուն անօդաչու թռչող սարք է նկատել։ Ինքնաթիռն ընթացել է խիտ բնակեցված շրջանի վրայով և դժվարությամբ է խուսափել ԱԹՍ-ին բախվելուց։ Այդ ժամանակ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը և ՀԴԲ-ն սկսեցին հետաքննություն անցկացնել։