«ՄիԳ»-ը 4-րդ անգամ է հետաձգում իր պարտականությունների կատարումը Պերուի նկատմամբ

Ռուսական «ՄիԳ» ավիակորպորացիան ի վիճակի չէ ժամանակին ավարտել պերուական 8 «ՄիԳ-29» կործանիչների արդիականացումը։ Ընկերությունն արդեն 4-րդ անգամ է դիմում Պերուին` պայմանագրի կատարումը հետաձգելու խնդրանքով, այս անգամ` մինչև 2012-ի հուլիս։ Ընդ որում, Պերուի պաշտպանության նախարարության գնահատմամբ այդ ժամկետն էլ պահել չի հաջողվի, քանի որ մինչև այժմ կատարվել են աշխատանքների միայն 65 տոկոսը։

8 «ՄիԳ-29Ս» կործանիչների մինչև «ՄիԳ-29ՍՄՏ» արդիականացնելու մասին պայմանագիրը կնքվել էր 2008 թվականի օգոստոսին` ընդհանուր 106.7 մլն. դոլար արժեքով։ Պայմանագրով նախատեսված էր, որ 4 մեքենա պիտի պատրաստ լինեն 16 ամիս հետո, այսինքն` 2010-ի հունվարին, իսկ մյուս 4-ը ևս 4 ամիս անց` 2010-ի մայիսին։ Սակայն ֆինանսավորման խնդիրների պատճառով աշխատանքային գրաֆիկը շեղվեց մոտ 8 ամսով և արդյունքում ակնկալվում էր, որ կործանիչները շարք կվերադառնան 2011 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, սակայն «ՄիԳ» կորպորացիան շարունակ հետաձգում է այդ ժամկետը, ինչն առաջացնում է պերուացիների մտահգուոյթւոնը, քանի որ դա վատ է անդրադառնում երկրի ռազմաօդային ուժերի մարտունակության վրա։ Հնարավոր է, որ «ՄիԳ» ընկերությունը ստիպված լինի Պերուին որպես տուգանք վճարել պայմանագրի արժեքի մինչև 39 տոկոսը։ Բացի այդ, «ՄիԳ»-ը հավանաբար կզրկվի նաև պերուական մնացած 11 կործանիչներն արդիականացնելու պայմանգրից։

Նշենք, որ սա «ՄիԳ» կորպորացիայի առաջին ձախողումը չի։ 2006 թվականին կնքված պայմանագրով ընկերությունն Ալժիրին պիտի տրամադրեր 28 ինքնաթիռ, սակայն առաջին 15 ինքնաթիռները ստանալուց հետո Ալժիրը հրաժարվեց հետագա մատակարարումից ինքնաթիռների ցածր որակի պատճառով և 2008-ին վերադարձրեց արդեն գնված կործանիչները։ Ետ վերադարձված 15 և արտադրության փուլում գտնվող 9 ինքնաթիռները համալրեցին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *