Աֆղանստանում պայթեցվել է վրացի զինծառայողների զրահամեքենան

Վրաստանի խաղաղապահ զինծառայողների MRAP տիպի զրահամեքենան պայթեցվել է Աֆղանստանի Հիլմենդ նահանգում ռազմական գործողության ժամանակ։ Զոհեր և տուժածներ չկան։

վրացի խաղաղապահներ

վրացի խաղաղապահներ

Ինչպես նոյեմբերի 20-ին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկի վրա։ Դեպքի վայր են ժամանել սակրավորներ։ Տեղանքի ականազերծումից հետո զրահամեքենան տարհանվել է։

Նշենք, որ Հիլմենդում «Սեմքեփ» ծածկանունը կրող գործողության ժամանակ Բաթումի թեթև հեևակային գումարտակը ԱՄՆ ծովային հետևակի ուժերի հետ նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 09։00-ի սահմաններում, 4 փուլից բաղկացած, 7 ժամ տևած գործողություն են իրականացրել։ Ըստ Վրաստանի ՊՆ-ի՝ չնայած զրահամեքենայի պայթեցմանը, գործողությունը հաջող է ընթացել։ Գործողությունը նպատակ ուներ կասեցնել այդ շրջանում զինյալների ազատ տեղաշարժն ու բուֆերային գոտիների ստեղծումը։
Հավելենք, որ վրացի խաղաղապահներն Աֆղանստանում ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում 2009-ի օգոստոսից վեր։ Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող։ Ներկա դրությամբ Աֆղանստանում ծառայություն է անցնում 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Նկատենք, որ Վրաստանի կրած կորուստներն Աֆղանստանում վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին նույն Հիլմենդում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր 23-ամյա կապրալ Մինդիա Աբաշիձեն։

Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարությունների էր հանդիպում Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրման գործում: Վրացական մամուլի տեղեկությունների համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորականներ հրաժարվել են ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:

Վերջին աղկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա է պայթեցրել. զոհվել է 7 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։ Հունիսի 7-ը Վրաստանում այս առնչությամբ սգո օր էր հայտարարվել։

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Սակայն արդյունքում կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *